Իտալիայի հնագույն խոշոր գերեզմանատներից մեկում 2500 տարվա վաղեմության դամբարան է հայտնաբերվել՝ վառ կարմիր պատի նկարազարդումներով, հայտնում է Live Science-ը։
Այն ստեղծել են էտրուսկները, ժողովուրդ, որը բարգավաճում էր Իտալիայում մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին, սակայն աստիճանաբար նվաճվել և ձուլվել է հռոմեացիների կողմից։
Իտալիայի մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ գերեզմանը գունավոր պատի նկարներ է պարունակում, որոնք տարբեր տեսարաններ են պատկերում, օրինակ՝ տղամարդիկ և կանայք պարում են ֆլեյտահարի կողքին: Մեկ այլ նկարում պատկերված է մի կին երկու երիտասարդների կողքին, և մեկ այլ տեսարան պատկերում է մետաղամշակման արհեստանոցը։
«Պատերից մեկի ներկված ձևավորման մեջ եզակի դարբնոցային տեսարանի ընդգրկումը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այս ընտանիքի հարստության տնտեսական աղբյուրների մասին, որն ակնհայտորեն զբաղվում էր մետաղագործական բիզնեսով», - Live Science-ին հայտնել է Ֆլորենցիայի ազգային հնագիտական թանգարանի տնօրեն Դանիելե Ֆեդերիկո Մարասը:
Երաժշտության և պարի տեսարանով որմնանկարը կարող է պատկերել հանգուցյալի իրական հուղարկավորությունը: Գիտնականների նման տեսարանները «մեկնաբանել են որպես ընտանիքի անդամների թաղման ժամանակ տեղի ունեցող արարողությունների», - ասում է Մարասը:
Գրությունների, մարդկային աճյունների և թաղման իրերի բացակայությունը վկայում է, որ դամբարանը կողոպտել են։ Իսկ բուն դամբարանն անմխիթար վիճակում է՝ գտնվում է մեկ այլ դամբարանի տակ, որն արդեն փլուզվել է։




























