«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, իբր, գերմաներեն նոր կայք է ստեղծել, որտեղ կոչ է անում ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայի, Ավստրիայի եւ Բելգիայի մի շարք քաղաքներում։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը։
Կայքում տեղադրված է նկար, որում երեւում է փողոցի անցորդներին մեքենայի վարորդի՝ դիմապակուց նայելու տեսարան։ Փողոցներով քայլող մարդկանց դեմքերին նկարված են թիրախներ, կողքի համակարգչի վրա գրված է մարդկանց «վրայով անցնելու» կոչ եւ թվարկված են քաղաքները՝ Բեռլին, Մյունխեն, Մայնի Ֆրանկֆուրտ, Վիեննա, Բրյուսել, Անտվերպեն, Զալցբուրգ:
Ինչպես գրել է պարբերականը, Գերմանիայի, Ավստրիայի եւ Բելգիայի անվտանգության մարմինները լուրջ են ընկալում խմբավորման քարոզչական նյութերը, քանի որ այս երեք երկրներում բազմիցս տեղի են ունեցել իսլամիստական ահաբեկչություններ, եւ իրավապահները պարբերաբար կանխում են նման գրոհները։
Թվարկված երկրներից մեկի անվտանգության անունը չնշած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ «ԻՊ» ահաբեկչությունների կոչերը ներկայում «շատ արագ են տարածվում իսլամիստների շրջանում», գործընթաց, որն ակտիվացել է 2023թ. հոկտեմբերին Իսրայելի տարածքում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների հարձակումից հետո: «ԻՊ»-ը հետեւում է վտանգավոր ռազմավարության, նրանք հրահրում են այսպես կոչված միայնակ գայլերին, որոնք հետո հանկարծակի ինքնուրույն արմատականանում են եւ հարձակումներ իրականացնում, այս ռազմավարությունը, ինչից մենք վախենում էինք, ավելի ու ավելի շատ է գործադրվում»,- ասել է աղբյուրը՝ հիշեցնելով մի շարք հարձակումներ, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին Գերմանիայում եւ Ավստրիայում:
Ինչպես գրել է թերթը, այժմ հատկապես անհանգստացած են Գերմանիայի անվտանգության ծառայությունները, քանի որ երկրի մի շարք քաղաքներում ավանդական փողոցային կառնավալներ են կայանալու։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինչպես մեծ, այնպես էլ փոքր կառնավալային երթերը գրավիչ թիրախ են պոտենցիալ ահաբեկիչների համար՝ ավելացնելով, որ չնայած սպառնալիքին, «չի կարելի թույլ տալ, որ վախեցնեն ձեզ»։





























