Հայկական բանկերն արդեն հրապարակել են 2024թ. վերջին եռամսյակի և, ըստ էության, տարվա արդյունքներն ամփոփող ֆինանսական հաշվետվությունները: NEWS.am-ի հետ զրույցում Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով Վաղինակ Ստեփանյանն անդրադարձել է համակարգի ձեռքբերումներին և զարգացման հիմնական միտումներին:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի բանկային համակարգի և Յունիբանկի նախորդ տարվա արդյունքները, ինչ ձեռքբերումներ ունեցավ նախորդ տարի բանկը:

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի մեծությունը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 60%-ով: Յունիբանկը տարին ամփոփել է ավելի քան 10 մլրդ դրամ զուտ շահույթով:  Ընդ որում, Բանկը կապիտալի շահութաբերության ցուցանիշով Հայաստանում գործող բանկերից առաջին 5 տեղերը զբաղեցնող բանկերի շարքում է:

Յունիբանկն ապահովել է դինամիկ աճ. Բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 18%-ով և 2024 թվականի տարեվերջին կազմել են 340 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալն աճել է 14%-ով և կազմել է 46.2 մլրդ դրամ, հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են շուրջ 200 մլրդ դրամ:

Առհասարակ բանկային համակարգի վերջին 3 տարիների զարգացումների, այդ թվում՝ շահութաբերության ցուցանիշների բարելավման և դրանց պատճառների մասին շատ է խոսվում, կան բազմաթիվ վերլուծություններ: Այս առումով կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին ձևավորված տնտեսական միջավայրում բանկերի գործունեության արդյունքները մեծապես պայմանավորված են դրան նախորդող տարիների ընթացքում համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և մարդկային կապիտալում իրականացված ներդրումներով:

Յունիբանկը, ինչպես և մյուս բանկերը, տարիներ շարունակ մեծ ծավալի ներդրումներ և ծախսեր է իրականացրել և այժմ էլ իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Յունիբանկը,  մասնավորապես,  տարիներ առաջ էր ներդրել և կատարելագործել սեփական պրոցեսինգային համակարգը:

Բացի այդ, բանկերը նաև զգալի ֆինանսական միջոցներ են հատկացրել և հատկացնում ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ:

Ուզում եք ասել, որ բանկերը պատրա՞ստ էին տնտեսական միջավայրի փոփոխությանը:

Այո, Հայաստանի բանկային համակարգը բավականաչափ պատրաստ էր այս փոփոխություններին: Համակարգում ներդրված տեխնոլոգիական լուծումները, ռիսկերի կառավարման գործիքակազմը, ֆինանսական համակարգի պատշաճ կարգավորումը և խիստ վերահսկողությունը, կայացած վճարահաշվարկային համակարգերի և ենթակառուցվածքների առկայությունը հնարավորություն տվեցին դիմակայել նման, կարելի է ասել, շրջադարձային փոփոխություններին, նկատի ունեմ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված մարդկային և ֆինանսական մեծ հոսքը: Ընդ որում՝ պատրաստ էր ոչ միայն տեխնիկական հագեցվածության, այլ, ինչպես արդեն նշեցի, մասնագետների առումով: Բանկերում կուտակված փորձը, գիտելիքները, ներդրված ռիսկերի կառավարման, համապատասխանության, փողերի լվացման դեմ պայքարի համակարգերը հնարավորություն տվեցին ճիշտ գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը, արդյունավետորեն օգտագործել և կատարելագործել առկա ներուժն ու հնարավորությունները: Ներկայում բանկերն ունեն ժամանակակից լուծումներով հագեցած ավտոմատացված սկրինինգային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս համակարգը զերծ պահել, այսպես ասած, անցանկալի ֆինանսական հոսքերից, իսկ տեխնոլոգիական լուծումները, հաճախորդների հեռահար սպասարկման գործիքները, այդ թվում՝ մոբայլ ծառայությունների բազմազանությունը, հնարավորություն տվեցին ապահովել հաճախորդների պահանջարկը:

Վերադառնալով ձեր առաջին հարցին՝ որպես նախորդ տարվա հիմնական ձեռքբերումներ՝ կարող եմ ընդգծել Յունիբանկի կողմից UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծումը և գործարկումը, լիզինգային գործառույթների ակտիվացումը՝ որպես տնտեսության արդիականացմանը միտված ֆինանսավորման նոր ուղղություն, բանկի հաճախորդներին բրոքերային ծառայությունների մատուցումը՝ որպես նոր և, կարծում եմ, հեռանկարային բիզնես ուղղություն, ինչպես նաև 10 մլն ԱՄՆ դոլար ծավալի ստորադաս պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը: Վերջինս հայաստանյան շուկայում նոր գործիք է, և դրա նախատեսված ծավալով տեղաբաշխումը վկայում է Բանկի և ընդհանրապես համակարգի նկատմամբ ձևավորված վստահության մասին: Ի դեպ, 2024թ. AMX ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց երկու անվանակարգերում՝  Բորսայում Բաժնետոմսերի Լավագույն Թողարկող և Լավագույնը Բաժնետոմսերի Երկրորդային Շուկայում: 

Նշեմ նաև, որ Visa Cashless Forum 2024-ին Visa-ն Յունիբանկին շնորհեց Olympic Games Sponsorship Excellence Award մրցանակը, վերջերս բանկին Mastercard-ից շնորհվել է Enhancement in Payment Solutions մրցանակը: Յունիբանկը կշարունակի զարգացնել անկանխիկ վճարումներն ու մոբայլ տեխնոլոգիաները:

Բանկը նախատեսում է նաև կանոնադրական կապիտալի համալրում նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով: Այս ամենը բավարար նախադրյալներ կստեղծեն Բանկի դինամիկ աճի ապահովման համար:

Ի՞նչ հիմնական նախագծեր եք նախատեսում իրականացնել 2025 թվականին:

Յունիբանկում աշխատանքիս հիմնական ուղղություններից է բանկում ներքին հսկողության համակարգի բարելավումը, գործընթացների ստանդարտացումը և դրան ուղղված նախագծերի իրականացումը: Ներքին հսկողության արդյունավետ համակարգի և ներքին կանոնակարգվածության առկայությունը նպաստում է նաև ֆինանսական արդյունքների բարելավմանը, իսկ բանկային ծառայությունների զարգացումը և առկա մրցակցությունը պահանջում են ներքին համակարգերի մշտական կատարելագործում, հետևաբար՝  դեռ բավականին անելիքներ կան: Ներկայումս ակտիվորեն աշխատում ենք Բանկում բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի բարելավման, ESG սկզբունքների և համապատասխան հաշվետվողականության ներդրման նախագծի վրա: Նախագիծն իրականացնում ենք Agents for impact միջազգային խորհրդատվական ընկերության հետ:

Իսկ ի՞նչ է տալիս բանկին ESG սկզբունքների ներդրումը, և ինչո՞ւ են բանկերն այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնում:

Ընդհանրապես հետամուտ լինելով կլիմայի փոփոխությանը և կայուն զարգացմանն առնչվող միջազգային փաստաթղթերին, մասնավորապես՝ կայուն զարգացման հիմնական նպատակներին՝ ոչ աղքատությանը և սովին, բարձրորակ կրթություն, գենդերային հավասարություն, պատասխանատու արտադրություն և սպառում, գործողություն՝ հանուն կլիմայի, և այլն, ESG սկզբունքների ինտեգրումը կազմակերպության ընթացիկ գործունեության միջավայրին յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության բաղադրիչն է:

Իսկ ի՞նչ է տալիս բանկին կամ առհասարակ կազմակերպությանը. Այն նպաստում է նորարարության զարգացմանը, տաղանդների, մասնագետների ներգրավմանը, որոշակի ծախսերի կրճատմանը, ընդլայնում է կայուն ֆինանսավորման աղբյուրներին հասանելիությունը, իսկ համապատասխան հաշվետվողականությունը բարձրացնում է կազմակերպության ճանաչողությունը:

Մենք գիտենք, որ Յունիբանկը հաճախ է մասնակցում սոցիալական ծրագրերին:

Յունիբանկն ակտիվորեն մասնակցում է բարեգործական և կրթական ծրագրերի, այդ թվում՝ կառավարության սոցիալական օժանդակման տարբեր ծրագրերի, բանկի աջակցությամբ պարբերաբար անցկացվում են տեխնոլոգիական միջազգային համաժողովներ: Ի դեպ, այս տարի ապրիլին նույնպես Երևանում նախատեսված է FINTECH360 համաժողովի անցկացումը:

Բանկը խրախուսում է առողջ ապրելակերպը, մասնակցում ու հովանավորում է սպորտային տարբեր միջոցառումներ և մրցաշարեր, այդ թվում՝ մեծ աջակցություն է ցուցաբերում երկրում ֆուտզալի, ըմբշամարտի, հեծանվասպորտի զարգացմանը: Ուրախալի է, որ իրականացված հետևողական աշխատանքների արդյունքում Բանկի ֆուտզալի Unisport թիմը մրցաշարում մեծ հաջողությունների է հասել: Միաժամանակ, որպես սոցիալական բաղադրիչ՝ ցանկանում եմ ընդգծել Բանկի ղեկավարության կողմից իր աշխատակիցների համար հարմարավետ, ժամանակակից լուծումներով աշխատանքային միջավայրի ապահովմանը և, որ առավել կարևոր է, աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումները: Բանկը խրախուսում է միջազգային սերտիֆիկատներ և որակավորումներ ունեցող աշխատակիցներին, ֆինանսավորում է աշխատակիցների մասնակցությունը տարբեր դասընթացների և համաժողովների, ինչը նպաստել է վերջին տարիներին բանկում միջազգային որակավորում ունեցող աշխատակիցների քանակի ավելացմանը և, իհարկե, բարձրացրել է վերջիններիս աշխատանքի որակը:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2025 թվականից:

Տարին օձի տարի է, իսկ օձը, ինչպես ասում են, խորհրդանշում է իմաստնություն, ճկունություն և նորացում: Այս երեք որակները, կարծում եմ՝ կապահովեն խաղաղություն և կայունություն: