Վլադիմիր Զելենսկին չի ստորագրի Միացյալ Նահանգների հետ տնտեսական երկրորդ համաձայնագիրը, եթե այն չներառի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրին։

Ինչպես նշել է պարբերականը, Ուկրաինան մտադիր է ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել «հանքային պաշարների համատեղ արդյունահանման մասին»։ Շրջանակային համաձայնագիրը կլինի «երկու մասից բաղկացած գործարքի առաջին քայլը», որի մեծ մասը կորոշվի «ապագա բանակցություններում»: Շրջանակային համաձայնագրում նշվում է Ուկրաինայի համար համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու երկու կողմերի մտադրությունը։ Ակնկալվում է, որ Կիեւը հիմնադրամին կփոխանցի պետական ​​ռեսուրսների նախագծերից ստացված եկամուտների 50 տոկոսը։

«Զելենսկին մտադիր չէ ստորագրել որեւէ երկրորդ, ավելի ամբողջական համաձայնագիր, որը չի ներառի անվտանգության ավելի լայն երաշխիքներ»,- գրել է պարբերականը։

Ըստ The Economist-ի՝ ամերիկյան կողմը հաճախ իրեն «ագրեսիվ» է պահել ռեսուրսային գործարքի համար պահանջներ ներկայացնելիս։ «Մի անգամ ուկրաինացիներին ստորագրելու համար տրվել է մեկ ժամ, մյուս անգամ՝ վեց րոպե»,- ասել են աղբյուրները: