Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին եւ շնորհավորել է նրան՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հայաստանը բարձր է գնահատում UNICEF հետ համագործակցությունը եւ վերջինիս գործունեությունը՝ ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:

Նշելով, որ  իր համար մեծ պատիվ է հետագա գործունեությունը Հայաստանում շարունակելը, Մանյա Հենրիյեթ Ահրենսն ասել է, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կշարունակի աշխատանքները մեր երկրի հետ համագործակցության ամրապնդման եւ հիմնադրամի առաքելության եւ նպատակների իրականացման համար:    

Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես մեր երկրում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը՝ նշելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում են նաեւ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: