Դեկտեմբերի 25-ին վերաօծվել է Վրաստանի Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Փոքր Պամաճ գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունիի առաջնորդությամբ, Արեւմտյան Հայաստանի Թորգոմ գավառից եւ Կարինի գավառի Գառն գյուղից վերաբնակեցված հայորդիների կողմից: 1881 թվականին գյուղում բացվել է ծխական դպրոց, որը գործել է մինչեւ 1932 թվականը, որից հետո այն դարձել է պետական տարրական կրթօջախ:

Գյուղի եկեղեցին խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է եւ վերածվել պահեստի: 1993-ին տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ, եկեղեցին նորոգվել է եւ 1995 թվականից սկսել է գործել, սակայն տարիների ընթացքում այն հիմնանորոգման կարիք ուներ եւ այդ առաքելությունն ստանձնել են արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ եւ Խաչատուր Բաբոյանները եւ Ռուբեն Սահակյանը:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողության ավարտին անմիջապես հաջորդել է Սուրբ Պատարագի մատուցումը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մատաղի օրհնություն եւ համընդհանուր տոնախմբություն: