Երեքամյա աղջնակը, որն իր ընտանիքի հետ Իսրայելում քայլում էր արահետով, անսպասելիորեն պատմական մասունք՝ 3800-ամյա սրբաբզեզով հմայիլ է գտել, հայտնում է Live Science-ը։

Փոքրիկ Զիվ Նիցանը սրբաբզեզով գտել է մարտին, երբ նրա ընտանիքը այցելեց Թել Ազեկա՝ բրոնզի դարից ի վեր բնակեցված պատմական վայր: Մանրախիճով պատված արահետով քայլելիս Զիվը ուշագրավ քար է նկատել:

«Նրան շրջապատող 7000 քարերից նա վերցրել է հենց այդ մեկը,-պատմում է Օմեր Նիցանը, Զիվի ավագ քույրը: -Այնուհետև նա թափ է տվել  ավազն ու տեսել, որ քարի մեջ ինչ-որ բան է փոխվել»:

Օմերը կանչել է ծնողներին՝ քարին նայելու, և ընտանիքը շուտով հայտնաբերվածի մասին հայտնել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը: Հետագայում հնագետները պարզել են, որ դա միջնադարյան քանանական (մ․ թ․ ա․ 3-2–րդ հազարամյակում ապրած սեմիտների- խմբ.) սրբաբզեզ է։

Ըստ հինավուրց տեքստերի՝ Քանանը ներառում էր ժամանակակից Իսրայելի որոշ հատվածները, պաղեստինյան տարածքները, Լիբանանը, Սիրիան և Հորդանանը։

«Այդ դարաշրջանում սրբաբզեզները որպես կնիք և հմայիլ են օգտագործել», -ասված է Իսրայելի թանգարանի հնագույն հմայիլների և կնիքների գծով փորձագետ Դաֆնա Բեն-Տորի հայտարարության մեջ:

Դրանք հայտնաբերվել են գերեզմաններում, հասարակական շենքերում և մասնավոր առանձնատներում։ Երբեմն դրանք պատկերում են խորհրդանիշներ և ուղերձներ, որոնք արտացոլում են կրոնական համոզմունքները կամ մարդու կարգավիճակը»:

Գտածոն նաև վկայում է Հին Եգիպտոսի և Քանանի միջև սերտ մշակութային կապերի մասին: Սրբաբզեզով հմայիլները փոքր, զարդարուն առարկաներ են, որոնք նման են գոմաղբի բզեզների (Scarabaeus sacer): Այս միջատների պատվին հմայիլներ պատրաստելու ավանդույթը ծագել է հին եգիպտացիների շրջանում, որոնք այդ բզեզներին  նոր կյանքի խորհրդանիշներն էին համարում: