Լոս Անջելեսի շրջանը 4 միլիարդ դոլարի համաձայնություն է ձեռք բերել 1959 թվականից անչափահասների հաստատություններում սեռական բռնության շուրջ 7000 բողոքները կարգավորելու համար, հայտնում է Associated Press-ը:
Համաձայնագիրը, որը դեռևս Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհրդի հաստատման կարիքն ունի, լինելու է իր տեսակի մեջ խոշորագույնը և երկարաժամկետ ֆինանսական հետևանքներ կունենա վարչաշրջանի համար, ասել են պաշտոնյաները: Համաձայնագիրը կարգավորելու է հազարավոր մարդկանց կողմից ներկայացված հայցերը, որոնք պնդել են, որ բռնության և սեռական ոտնձգության են ենթարկվել Լոս Անջելեսի շրջանում խնակալ ընտանիքներում և անչափահասների կալանավայրերում:
Հայցվորները կարողացել են դատարան դիմել Կալիֆորնիայի օրենքի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել 2020 թվականին և կասեցրել է վաղեմության ժամկետի գործողությունը մանկության տարիքում սեռական բռնության զոհերի համար գործ հարուցելու համար:
Բողոքներից շատերը վերաբերում էին MacLaren մանկական կենտրոնին, որը փակվել է 2003 թվականին: Հաստատությունը, որը նախատեսված էր ապահով վայր լինել այն երեխաների համար, որոնք սպասում էին տեղափոխվել խնամակալ ընտանիքներ, բացվել էր 1961 թվականին և վերահսկվում էր պրոբացիայի ծառայության աշխատակիցների կողմից, մինչև որ 1976 թվականին այն հանձնվեց վարչաշրջանի Երեխաների և ընտանիքների վարչության տնօրինությանը:
Լոս Անջելեսի շրջանի կողմից ձեռք բերված համաձայնությունը կգերազանցի «Ամերիկայի բոյ սկաուտների» 2022 թվականի 2,6 միլիարդ դոլար արժողությամբ գումարը, ավելի քան 80․000 տղամարդկանց բողոքներով, որոնք ասել են, որ իրենք մանկության տարիներին բռնության են ենթարկվել սկաուտների ղեկավարների և այլոց կողմից: Այն ժամանակ դա համարվում էր ԱՄՆ պատմության մեջ սեռական ոտնձգությունների դիմաց փոխհատուցման ամենախոշոր գումարը:
Անցյալ տարի Լոս Անջելեսի արքեպիսկոպոսությունը համաձայնեց վճարել 800 միլիոն դոլար հոգևորականների կողմից սեռական բռնության զոհերին, ինչի արդյունքում վճարումների ընդհանուր գումարը գերազանցեց ավելի քան 1,5 միլիարդ դոլարը:




























