Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկու շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կիրակի օրն առաջին անգամ հաշմանդամի սայլակով հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հիվանդների համար հոբելյանական պատարագի շրջանակներում, հայտնում է NBC News-ը։
88-ամյա պոնտիֆիկոսը նախքան իր օրհնությունը անցել է ցնծացող ամբոխի միջով, իսկ հետո արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիկելան հանդես է եկել վերջին օրհնությամբ։
«Բարի կիրակի բոլորին, - ասել է Ֆրանցիսկոս պապը:- Շնորհակալ եմ բոլորից»։
Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոսի գրած տեքստը կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո, որտեղ նա աղոթում է «բժիշկների, բուժքույրերի և բուժաշխատողների համար, որոնց միշտ չէ, որ օգնում են աշխատել պատշաճ պայմաններում և երբեմն նրանք նույնիսկ ագրեսիայի զոհ են դառնում»:
Հռոմի պապն անդրադարձել է նաև աշխարհի հակամարտություններին, ինչպես դա անում էր նախորդ ելույթներում։
Ֆրանցիսկոս պապը հանրությանը չէր երևացել մարտի 23-ից ի վեր, երբ նա հակիրճ ողջունեց և օրհնեց Հռոմի Ջեմելի հիվանդանոցի պատշգամբից՝ երկկողմանի թոքաբորբից ավելի քան հինգ շաբաթ բուժվելուց հետո: Ըստ բժիշկների, այդ ընթացքում պապի կյանքին երկու անգամ վտանգ է սպառնացել։
Մարտ ամսին հանրությանը Ֆրանցիսկոսի կարճատև հայտնվելուց հետո նրա բժշկական թիմի ղեկավարը հայտնել էր, որ Վատիկան վերադառնալուց հետո նա ևս երկու ամիս հանգստի կարիք կունենա, իսկ բժիշկներն ասել էին, որ նրա ծերացող օրգանիզմին երկար ժամանակ է հարկավոր լիարժեք վերականգնման համար:
Պապի հիվանդության ողջ ընթացքում Վատիկանը պնդում էր, որ նա շարունակում է կատարել իր պարտականությունները։





























