ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մեծ զորահանդես անցկացնել երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների բանակի 250-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է հունիսի 14-ին։ Դրա մասին հայտնում են մի շարք ամերիկյան պարբերականներ՝ նշելով, որ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը կդառնա 79 տարեկան։
Ըստ Washington City Paper պարբերականի, որն առաջին անգամ զեկուցել է միջոցառման ծրագրերի մասին, զորահանդեսի երթուղին ձգվելու է 4 մղոն (գրեթե 6,5 կմ)՝ Վաշինգտոնի Առլինգթոն արվարձանում տեղակայված ԱՄՆ պաշտպանության նախարարության շտաբից մինչև Սպիտակ տուն:
Տեղական վարչակազմի ու զինվորական ներկայացուցիչները հաստատել են նման ծրագրերի առկայությունը The Hill-ին և NewsNation-ին, սակայն նշել են, որ դրանք դեռ չեն վավերացվել և պաշտոնական դիմումներ կամ պատվերներ չկան, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Տեղական իշխանություններն առայժմ տեղեկացվել են միայն զորահանդեսի ծրագրերի մասին, նշում է Washington City Paper-ը։





























