Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ գործընկերների հետ բանակցությունների։ Ֆրանսիայի մայրաքաղաք են մեկնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Երմակը հայտնել է իր Telegram-ալիքում, փոխանցել է «РБК-Украина»-ն։

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ «վճռական կոալիցիայի» երկրների ներկայացուցիչների հետ։

Երմակի փոխանցմամբ՝ խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասին է։

Հանդիպումներ են նախատեսված նաեւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք այս պահին այցելում են Ֆրանսիա։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Փարիզ կատարելիք այցի մասին։

Պարբերականը մանրամասնել է, որ բանակցությունների թեմաներ կդառնա, մասնավորապես, Ուկրաինայի եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։