ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի Փարիզում է՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցը, քանի որ Վաշինգտոնն ու Եվրոպան ընդհանուր լեզու են փնտրում մարտերը դադարեցնելու համար, հայտնել է AFP-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում են եղել նաեւ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԵՄ եւ ԱՄՆ պատվիրակությունների հետ հանդիպելու համար, չհստակեցնելով սակայն, թե ում հետ։
Ռուբիոն եւ Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը ժամանել են Փարիզ։
Սպասվում է, որ նրանց կմիանա ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր, որ ինքը եւ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Փարիզում են՝ հանդիպելու Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, սակայն չի ասել, թե կոնկրետ ում հետ են նրանք հանդիպելու։
Ավելի վաղ ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Ռուբիոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կքննարկեն «պատերազմն Ուկրաինայում, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Իրանի միջուկային դոսյեն»:
Սա Ռուբիոյի երրորդ այցն է Եվրոպա՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Երկուշաբթի՝ Պուտինի հետ երրորդ հանդիպումից մի քանի օր անց, Ուիթքոֆն ասել էր, որ ինքը տեսնում է, որ խաղաղ համաձայնագիրը «ձեւավորվում է»:




























