Մոլդովայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է մոլդովական Point պարբերականը։
«110 տարի առաջ այս օրը՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ, որը պատմաբանները, փորձագետները բնութագրեցին և բազմաթիվ երկրներ ճանաչեցին որպես Հայոց ցեղասպանություն։
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։
Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Գայիկ Վարդանյանը նշել է, որ «այս նախագիծը քաղաքական չէ, այլ ավելի շուտ նպաստում է նրան, որ Մոլդովան համալրի այն երկրների շարքը, որոնք գնահատում են մարդկային արժանապատվությունը, ազգամիջյան հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, մարդու իրավունքները և պատմական արդարությունը»։ Նա նշել է նաև, որ «ներկայիս խորհրդարանը, որի մանդատը լրանում է մի քանի ամսից, կարող է դրական նոտայով ավարտել այն՝ քվեարկելով նման վեհ և կարևոր նախագծի օգտին, հատկապես Եվրամիության թեկնածու երկրի համար»։
Հայ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ ուրախ է ապրել մի երկրում, որտեղ կարող է ազատորեն խոսել անցյալի ողբերգական էջերի, հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մասին։
«Ուրախ եմ, որ դրա մասին խոսելու խոչընդոտ չկա՝ պահպանելով մեր մշակույթը, հավատքը և լեզուն։ Շատերը հարց են տալիս՝ ի՞նչ էր դա (Հայոց ցեղասպանությունը): Նրանք ապրում էին իրենց տներում՝ չմտածելով, որ կգա այն օրը, երբ իրենց կհանեն իրենց տներից: Այդ մարդիկ զենք չեն պահել իրենց ձեռքում և չեն պայքարել որևէ տարածքային շահի համար։ Տուժել է մեկուկես միլիոն մարդ, նրանց թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում և դատապարտում ենք, որպեսզի դա երբեք չկրկնվի»,-նշել է հայ համայնքի ղեկավարը։
Մոլդովայի հայերի երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Գասպարյանը հայտարարել է. «Մոլդովայի Հանրապետության եվրոպական կուրսի համատեքստում նման ճանաչումը ցույց կտա ոչ միայն հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ ճշմարտությանը, մարդու իրավունքներին և պատմական հիշողությանը, այլ նաև մեր պետության ժողովրդավարական հասունությանը։ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի արժանապատվության և համերաշխության ակտ՝ անցյալի, պատմության հետ, այլոց տառապանքների հետ: Այս քայլը չի մեղադրում, չի դատապարտում, չի վերաշարադրում պատմությունը։ Այն միայն ասում է ճշմարտությունը և վերականգնում արդարությունը է նրանց հիշատակին, ովքեր սպանվել են միայն այն պատճառով, որ հայ են»։
Իրավաբան Մարիանա Բարաշյանցը թվարկել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական կողմը և միջազգային ասպեկտներն ու օրինակները՝ նաև վիճակագրություն տրամադրելով: Դրանց թվում են՝ Եվրամիությունը որպես կազմակերպություն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Բելգիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Դանիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Չեխիան, Սլովակիան, Հունաստանը, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Չիլին, Բոլիվիան, Բոլիվիան, Պարագվայը, Վենեսուելան, Ուրուգվայը, Կիպրոսը, Բուլղարիան, Լիբանանը, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Վատիկանը:
Հարկ է նաև նշել, որ նշված Կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանությունը սահմանում է որպես «ցանկացած գործողություն, որը կատարվել է ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ», գրում է Point-ը:




























