Արկտիկան կարող է հիշեցնել սպիտակ արջերի և փոկերի պատկերներ, բայց 73 միլիոն տարի առաջ այստեղ բնակվել են դինոզավրեր։ Այժմ բրածոներ որոնողներն ասում են, որ այդ կենդանիներն իրենց տարածքը կիսել են բազմաթիվ տարբեր թռչունների հետ։ Գիտնականները ենթադրում են, որ Ալյասկայի Փրինս Քրիք շերտում թռչունների ավելի քան 50 բրածոների իրենց հայտնագործությունը բևեռային շրջաններում թռչունների բնադրման հնագույն վկայությունն է՝ այդ թվագրումը հետ տանելով ավելի քան 25 միլիոն տարով։
«Բևեռային պինգվինների բնադրման նախորդ հնագույն վկայությունը Անտարկտիդայի էոցենի դարաշրջանի պինգվինների գաղութն է (որոնք ապրել են մոտ 46,5 միլիոն տարի առաջ)»,- պատմել է Փրինսթոնի համալսարանից աշխատության առաջին հեղինակ Լորեն Ուիլսոնը։
Այսօր Արկտիկայում բնադրում է թռչունների ավելի քան 200 տեսակ, և հետազոտողները պնդում են, որ նրանք էկոհամակարգի կարևորագույն անդամներն են՝ օգնելով կատարել այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են փոշոտումը և սերմերի տարածումը։
Եվ վերջին տվյալները վկայում են, որ նրանց ներկայության մեջ նոր բան չկա։ «Այս նոր բրածոները լրացնում են թռչունների էվոլյուցիայի մեր ընկալման լուրջ բացը»,- նշել է Ալյասկայի համալսարանի Հյուսիսի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Պատրիկ Դրաքենմիլլերը, որը նաև Science ամսագրում հրապարակված հետազոտության համահեղինակն է։
Թեև ամենավաղ թռչունները հայտնվել են Յուրայի ժամանակաշրջանի վերջում՝ մոտ 150 միլիոն տարի առաջ, թռչունների ոսկորների փխրուն բնույթը նշանակում է, որ նման կենդանիները հազվադեպ են հանդիպում հնէաբանական տարեգրության մեջ։
«Մինչ այս աշխատանքը, բացառությամբ մի քանի ոտնահետքերի, Ալյասկայում թռչունների բրածոներ հայտնի չէին»,- ասել է Դրաքենմիլլերը։