Աշոցքի զինկոմիսարիատն այլեւս Ամասիա չի տեղափոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը, հավելելով, որ Ամասիա տեղափոխած գույքի մի հատվածը երեկ` հունվարի 11-ին վերադարձվել է Աշոցք, աշխատակիցներն էլ հետզհետե անցնում են բնականոն աշխատանքի:

Համայնքապետարանը խոստացել էր նոր կառույց տրամադրել զինկոմիսարիատին, սակայն գյուղապետի խոսքով, ՊՆ աշխատակիցները եկել, ուսումնասիրել են  եւ եկել այն եզրահանգման, որ ավելի լավ է հին պայմաններում շարունակել աշխատանքը մինչեւ գարնանն իրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Տեղեկացանք նաեւ, որ Աշոցքի զինկոմիսարիատից կադրային կրճատումներ չեն եղել: Նշենք նաեւ, որ Աշոցքի զինկոմիսարիատի փակման որոշումը հենց պատճառաբանվում էր նրանով, որ աշխատանքային պայմանները բավարար չեն եւ բարելավման կարիք ունեն: Դրա համար, հիշեցնենք, որ որոշում էր կայացվել զինկոմիսարիատը միացնել Ամասիայում գործող կառուցին: Այդ նպատակով տեղափոխվել էր Աշոցքի զինկոմիսարիատի ամբողջ գույքը:

Աշխատակիցները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացրեցին, ընդհուպ մինչեւ փակելով Գյումրի -Աշոցք ճանապարհը: Թերեւս այս ընդվզումն էր պատճառը, որ Պաշտպանության նախարարությունից շտապեցին հայտարարել, որ Աշոցքի զինկոմիսարիատը չի դադարեցնի իր գործունեությունը: Աշոցքի զինկոմիսարիատի փակումն ինքնին ենթադրում էր, որ 25 հոգի կդառնա գործազուրկ:

Վերջիններս հայտարարել էին, որ կշարունակեն իրենց բողոքի գործողությունները, ոչ միայն զինկոմիսարիատի շենքի դիմաց, այլ նաեւ մարզկենտրոն Գյումրիում, եւ մայրաքաղաք Երեւանում: