Հայաստանում այսօր էլ դեռ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս եւ ինչի՞ հետ է այն կապված:

Հայկական աստղագիտական ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռեւս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների եւ ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տեւողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր եւ այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արեւմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տեւողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) եւ դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տեւողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որեւէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետեւ նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 եւ 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը  եւ 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաեւ 2100, 2200 եւ 2300 թվականները: Արդեն իսկ 16-17-րդ դարերում Գրիգորյան օրացույցն ընդունվեց ամբողջ Արեւմտյան Եվրոպայում:

Երբ Ռուսաստանում 1917թ. սոցիալիստական հեղափոխությունից հետո նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր եւս 335 տարի) եւ այդ պատճառով հին ու նոր տոմարների միջեւ տարբերությունը մինչեւ այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ շուտով կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում, հետեւելով խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաեւ «հին նոր Տարին»: Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար այսօր (հունվարի 13-ին) երեկոյան ժամը 12-ին: