Հայաստանի բնապահպանության նախարարությունը 7 տարի շարունակ պատվերներ է իջեցրել ՀՀ Գիտությունների ակադեմիային` պարզելու խեցգետինների ազդեցությունը էնդեմիկ ձկնատեսակների վրա: Սակայն մինչ այսօր հայ գիտնականները որեւէ պատասխան չեն տվել: Նման հայտարարություն արեց ՀՀ բնապահպանության նախկին նարարար Վարդան Այվազյանը` «Կոնգրես» հյուրանոցում կուսակցությունների տնտեսական պլատֆորմների քննարկման ժամանակ: Հայտարարությունը հնչեց ի պատասխան ներկաներից մեկի այն դիտողության, որ կառավարությունը բավարար միջոցներ չի հատկացնում գիտության զարգացմանը:

«Ես աշխատել եմ մոտ 7 տարի որպես բնապահպանության նախարար: Ամեն տարի 50 մլն դրամ եմ տվել, բայց մինչեւ հիմա պատասխանը չկա»,- ասաց Վ. Այվազյանը:

Նշենք, որ Սեւանա լճում ձկան պաշարների նվազմանը զուգահեռ կտրուկ աճել է խեցգետինների քանակությունը: Կան տեսակետներ, որ խեցգետինների չափից ավելի բազմացումը խոչընդոտ է սիգի եւ իշխանի բազմացման համար: