Հայ արիներն այսօր` հունվարի 14-ին նշում են Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրը: Այս կապակցությամբ Հայ արիների միաբանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեր ազգի արիադավան (հեթանոս) - ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա - 126-ամյակի առթիվ:

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ միացյալ Հայաստանի (ամբողջ հայկական բարձրավանդակում) եւ միասնական ազգի կերտման ճանապարհին:

Ամեն հայ ցեղակրոն է, ցեղի գենը կրում է իր մեջ, դա պարզապես գիտակցել է պետք:

Հայ արիական միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի ավելի քան 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում»: