Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում եւ թեմերում:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սեւանի Վազգենյան դպրանոցում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Հառիճավանքի ընծայարանում:

2011թ-ի դեկտեմբերին ձեռնադրված  հոգեւորականներից Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում` որպես Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու: Տ. Ահարոն աբեղա Շախվերդյանը նշանակվել է Սեւանի Վազգենյան դպրանոցի փոխտեսուչ: Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը կշարունակի իր ծառայությունը Մայր Աթոռի Դիվանատանը, իսկ Տ. Ենովք քահանա Եսայանը` Հայոց բանակում: