Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` հունվարի 16-ին, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որտեղ ներկայացվել է Փրկարար ծառայության նոր կառուցվածքի նախագիծը։ Նիստը վարել է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին ներկայացվել է ԱԻՆ Առաջիկա օրերին Փրկարար ծառայության նոր կառուցվածքի մասին որոշման նախագիծը, որը պետք է ներկայացվի կառավարությանը։

Արմեն Երիցյանը ուշադրություն է հրավիրել հատուկ խմբերի` կինոլոգների, սակրավորների, պայթեցնողների, ստեղծման ու զարգացման կարեւորությանը, ինչպես նաեւ մարզերի հետ աշխատանքների շարունակական ակտիվացմանը։

Նախարարին զեկուցել են, որ սկսվել է ԱԻՆ աշխատակազմի առաջին բուժօգնության հմտությունների ուսուցումը։ Նախարար Երիցյանը կարեւորել է նման ուսուցման կազմակերպումը, նշելով, որ առաջին բուժօգնության դասընթացներ պետք է անցնեն ԱԻՆ բոլոր աշխատակիցները` սկսած նախարարից։

Նախարարին զեկուցվեց, որ առաջիկա երկու օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն արդեն հունվարի 18-ին`օրվա երկրորդ կեսից  սպասվում է ձյուն, ինչպես նաեւ օդի ջերմաստիճանի նվազում։

Արդեն սկսվել է ԱԻՆ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ամփոփումը, եւ փետրվարի սկզբին Նախարարությունը պատրաստ կլինի ներկայացնելու վերջնական հաշվետվությունը։

Հունվարի 20-ին անցյալ տարվա աշխատանքները կամփոփի Լեռնային Ղարաբաղի Փրկարար ծառայությունը։ Գործընկերների տարեկան հաշվետվության ներկայացմանը կմասնակցի նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը` ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի գլխավորությամբ։