Գազալցակայանները (ԱԳԼՃԿ-երը) պարտավոր են ունենալ բաշխիչ աշտարակներ, սակայն ոչ բոլորն են կատարում այդ պահանջը: Նման հայտարարություն այսօր` հունվարի 16-ին կատարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:

Նրա խոսքով` տեսչությունն այս ոլորտում նախորդ տարի իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ բաշխիչ աշտարակներ տեղադրված էին ընդամենը 5 գազալցակայաններում: Սակայն այսօր 150 գազալցակայաններում այդպիսի աշտարակներ արդեն առկա են (ԱԳԼՃԿ-երի ընդհանուր թիվը 370-նն է): «Բաշխիչ աշտարակները շատ նման են բենզինի աշտարակներին: Միացնում է` դուք տեսնում եք ձեր վճարած գումարը, եւ ինչքան է ձեր գումարի դիմաց գազ լիցքավորվել»,- պարզաբանեց տեսչության պետը: Նա խոստացավ, որ ստուգումները կշարունակվեն, ու պատասխանատվության միջոցները կխստացվեն: Առաջին փուլում տնտեսվարողները պարզապես տեղեկացվել են, որ պարտավոր են տեղադրել բաշխիչ աշտարակներ, երկրորդ փուլում այդ պահանջը չկատարողները տուգանվել են 100 հազ. դրամով, իսկ երրորդ փուլում կարգազանցներին արդեն սպառնում է գործունեության կասեցումը: