Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունվարի 16-ին, հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն ընդգծել է, որ ջրային համակարգը եւ նրա բարելավումը հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է, եւ այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ եւ բացթողումներ:
Նախագահ Սահակյանը շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են եւ նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան եւ արդյունավետ աշխատանքի համար:
Նախագահը կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները` ուժեղացնելով հսկողությունը, եւ լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները լրատվամիջոցների միջոցով:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



























