«Նոր գինդ» ընկերությունը նամակ է հղել NEWS.am-ին` դժգոհություն հայտնելով 12.01.2012 թ. հրապարակված «Հայաստանի կազմակերպություններից մեկը ցանկանում է թմրամիջոցների առեւտրով զբաղվել. կառավարությունը դեմ է» լուրից:

Նշենք, որ սույն լուրում, հիմնվելով կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդագրության վրա, նշվել է, որ «Նոր գինդ» ընկերությունը կառավարության կողմից թույլտվություն չի ստանա իրականացնելու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում եւ մեծածախ առեւտուր:

Խմբագրություն ուղարկված նամակում ընկերության տնօրեն Ա. Վարդանյանը նշել է, որ «Նոր գինդը» դիմել է միայն կալիումի պերմանգանատ (հանրությանը առավել հայտնի է марганцовка անվամբ) ներկրելու եւ վաճառելու լիցենզիա ստանալու համար: Իսկ կալիումի պերմանգանատը հանդիսանում է պրեկուրսոր, որը կարող է օգտագործվել թմրանյութերի արտադրության մեջ:

«Այդ պատճառով այն հսկվող նյութերի ցանկի մեջ է եւ կազմակերպությունն էլ, ՀՀ կառավարության կողմից 2011 թ. մարտին ընդունած Կարգին համապատասխան, դիմել է ներկրման թույլտվություն ստանալու համար: Եւ դա երբեք չի կարող դիտվել որպես թմրամիջոցների առեւտուր: Այսպիսով` խնդրում եմ վերոհիշյալ ակնարկի վերնագրից հանել, կամ ճշգրիտ խմբագրել «...կազմակերպություններից մեկը ցանկանում է թմրամիջոցների առեւտրով զբաղվել...» արտահայտությունը»,- նշվել է նամակում:

Մեջբերենք նամակից եւս մեկ հատված. «Տեքստում նույնպես բերված է սխալ շարադրանք, որ «Նոր գինդ» ՍՊԸ ընկերությանը մերժել են իրականացնելու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում եւ մեծածախ առեւտուր: Ինչպես վերը նշեցի` մեր դիմումի մեջ խոսքը միայն պրեկուրսորների մասին է եւ ուղղակի թվարկումը` ... թմրամիջոցների, հոգեմետ նյութերի... մանրամասներին անտեղյակ ընթերցողին գցում է թյուրիմացության մեջ»:

Այնուհետ ընկերության տնօրենը մեզ խորհուրդ է տվել (խնդրել է) ավելի մանրամասնորեն ծանոթանալ օրենքներին ու լիցենզավորման կարգերին եւ չգնալ սենսացիոն աղմուկ բարձրացնելու ճանապարհով:

Հեղինակի կողմից.

NEWS.am-ը պարբերաբար լուսաբանում է կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը` եւ կառավարության նիստից առաջ, եւ նիստի ընթացքում, եւ դրանից հետո: Այդ նյութերի մեջ օգտագործում ենք պաշտոնական տեղեկատվությունը, որը հրապարակվում է նաեւ e-gov.am կայքում: Սա կառավարության ու ընդհանրապես գործադիր իշխանության թափանցիկության ապահովման ձեւերից մեկն է, ու որեւէ մեկը չի կարող լրատվամիջոցին հանդիմանել ինչ-որ միտումնավորության մեջ: Եթե «Նոր գինդի» հայտը ընդունած լինեին` կգրեի, որ ընդունել են, բայց քանի որ մերժել են` ստիպված եմ արձանագրել այդ մերժումը:

Հիմա ձեւակերպումների մասին: Նույնությամբ օգտագործել եմ այն ձեւակերպումը, որ առկա է կառավարության որոշման մեջ: Որպեսզի հասկանալի լինի` մեջբերեմ կառավարության որոշման վերնագիրը. ««ՆՈՐ ԳԻՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին»: Ինչպես տեսնում եք, հարգելի պրն. Վարդանյան, ինձանից ոչինչ չեմ հորինել: Ու եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը սենսացիաներ է փնտրում, ու միտումնավոր վնասում է ձեր ղեկավարած ընկերության իմիջին` ապա մեղավորներին պետք է փնտրեք կառավարությունում ու առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունում, որի եզրակացության հիման վրա էլ նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծը:

Ավելին` ոչ որոշման, ոչ էլ որոշման հիմնավորման մեջ խոսք չկա անգամ այն մասին, որ «Նոր գինդը» դիմել էր բացառապես կալիումի պերմանգանատի առեւտրի թույլտվություն ստանալու համար: Եթե նման մանրամասնում լիներ` ես դրա մասին անպայման կնշեի: Բայց քանի որ կառավարության որոշումն ընդունվել է վերը նշված տերմինների կիրառմամբ (այսինքն` ընդհանուր նշվել է թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր ու պրեկուրսորներ), տեղեկատվությունը համապատասխանեցրել եմ դրան: Միայն վերնագիրն եմ կրճատումով գրել, քանի որ սա լուր է, ոչ թե իրավական փաստաթուղթ, ու ու տեղին չեն երկարաշունչ ու իրավական բնույթի վերնագրերը: Վերնագրերի մեջ նման կրճատումները միշտ էլ ընդունելի պրակտիկա են, եթե տեքստը այնուհետ տալիս է ամբողջական տեղեկատվությունը: Այդ պատճառով որեւէ պատճառ չեմ տեսնում վերնագիրը փոխելու կամ ուղղելու համար: Առավել եւս` տեքստում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Իմ կողմից «Նոր գինդի» ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս մեղադրանքներ ներկայացնելուց առաջ ուշադրությամբ կարդալ կառավարության որոշումներն ու դրանց հիմնավորումները, այլապես այս հոդվածի անհրաժեշտությունը չէր լինի:

Սամվել Ավագյան

Հ.Գ. Անկեղծ ասած` այս պատմության մեջ ամենազավեշտալին այն էր, որ սովորական марганцовка-ի առեւտրի համար հարկ է թույլտվություն ստանալ կառավարության որոշմամբ: Марганцовка կարելի է ազատորեն գնել ցանկացած դեղատանը, ու դրա համար որեւէ վաճառող հատուկ դեղատոմս կամ թույլտվություն չի պահանջում: Հենց այսօր ես մի նման փորձ արեցի, եւ դա դեղատան աշխատակցի մոտ ոչ մի զարմանք չառաջացրեց: Հարց է առաջանում` ինչպես կարելի է հսկել марганцовка-ի առեւտուրը միայն մեծածախ առեւտրի վրա սահմանափակումներ կիրառելով: