Ցանկացած կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, ընտություններից առաջ պետք է օգտվի այն գործիքներից, որոնք աշխարհում գոյություն ունեն եւ, որոնցից մեկն էլ սոցոլոգիական հարցումներն են: Այս մասին, այսօր` հունվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն սոցհարցումների արդյունքում է որոշում կայացրել միայնակ գնալ ընտրությունների:

Մ. Մինասյանի խոսքով, ՀՀԿ-ի «հիմնական մագիստրալը» հրապարակային գործունեությունն է եւ այն, որ ընտրությունները չդառնան վիճահարույց: Իսկ բացարձակ հաղթանակի հարցն, ըստ նրա, կերեւա ընտրություններից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի մասին իր որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի պնդմամբ` «պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է` այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»: «Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում եւ պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար», ասել է աղբյուրը: