Սկսվելու են ընտրությունները եւ սկսելու են արվեստագետներին որսալ, օգտագործել: Այս մասին, այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»)` անդրադառնալով Հայաստանում մեկնարկող նախընտրական շրջանին: Նա խնդրում է բոլոր նրանց, ովքեր կերգեն, կպարեն, կարտասանեն քարոզարշավներին, գոնե հասկանան ինչ են անում:
Դերասանը խորհուրդ է տալիս արվեստագետներին բոյկոտել քարոզարշավները, քանի որ երգել որեւէ քաղաքական գործչի կազմակերպած համերգին, նշանակում է ջուր լցնել այդ մարդու ջրաղացին, իսկ քաղաքական գործիչները «զուգարանի թղթի նման մի բան են, սրբում, թափում են», բայց արվեստագետին կհիշեն:
Անձամբ Սերգեյ Դանիելյանը բոյկոտում է քարոզարշավները եւ չեզոք դիրք է գրավում:
Ասուլիսի մյուս բանախոսը` երգահան կատարող Ռուբեն Հախվերդյանը նախորդ ընտրությանը կանգնել էր ՀՅԴ-ի, մասնավորապես` Վահան Հովհաննիսյանի կողքին, քանի որ, Հախվերդյանի կարծիքով, նա «իր ինտելեկտով ավելի բարձր է, քան այն երեքը» (նկատի ունի Հայաստանի երեք նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան- NEWS.am):
Երգահանը նշեց, որ իր գաղափարներով համակիր է ՀՅԴ-ին, որովհետեւ ժամանակին ինչ-որ բաներ արել է, բայց այս անգամ իրեն դուր չի եկել ՀՅԴ-ի` կոալիցիայի մեջ մտնելը: «Ես եթե երբեւէ կյանքումս դառնամ որեւէ կուսակցության անդամ, դա կլինի կանաչների կուսակցությունը»,- ասաց նա:
Ի դեպ, սիրելով եւ հարգելով մեր երեք նախագահներին, այնուահանդերձ, Հախվերդյանը կոչ է անում ոչ ոքի չընտրել, քանի որ դրանով վնաս են տալիս հայ ժողովրդին: Արվեստագետները կարծիք հայտնեցին, որ առաջիկա 50 տարում մեզանում լավ բան չեն պատկերացնում, եւ ինչ-որ փոփոխության համար նոր մարդ պետք է հայտնվի: «Հայաստանը ոնց որ ռուսների պալիգոնը լինի, իրենք իրենց զենքերը տնկել են ստեղ, եւ մեզ շատ սիրում են, իսկ սիրելուց հետո գիտեք ինչ է լինում, ինչ են անում մեր ոխերիմ բարեկամները»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը, իսկ Սերգեյ Դանիելյանը հավելեց «Բայց որ բռնի են սիրում, հետո ուրոդներ են ծնվում»:




























