Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանն այսօր` հունվարի 18-ին, հրաժարականի դիմում է ներկայացնել, իսկ մինչ այդ նա ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը: Վերջինս համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին, ինչը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ից դուրս գալու ձեր որոշումը: Չէ՞ որ Դուք նաեւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն եք:

Նախ ասեմ, որ ես ոչ ոքի հետ ոչ խնդիր, ոչ էլ տարաձայնություններ չունեմ եւ չեմ ունեցել: Սա իմ սեփական նախաձեռնությունն է: Ես այդպես  եմ մտածում:  Ցանկանում եմ ծառայել իմ երկրին, իմ  պետությանը իմ նախագահին: Ես զինվորական եմ: Քաղաքականության մեջ իմ հեռանկարը չեմ տեսել դրա համար էլ  դիմում եմ այդ քայլին: Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը, համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը: Այդ համոզմունքով էլ ես 2008թ-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ, երբ արդեն կոալիցիան իր գործը կատարել է, էլ  չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ: Ինչպես նաեւ շարունակում եմ հավատալ, վստահել երկրի նախագահի քաղաքականությանը:

Ձեր այս  որոշման մեջ դերակատարում ունեցե՞լ է այն հանգամանքը, որ կուսակցությունները որոշել են առանձին-առանձին ցուցակներով մասնակցել ընտրություններին։

Ես  պետական մտածողության տեր մարդ եմ եւ մտածում եմ իմ երկրի մասին: Այդ հարցն ուղղեք նրանց: Բայց ամեն դեպքում չեմ տեսնում հակասություններ, կամ էլ հակամարտություն, միմյանց դեմ դուրս գալու: Ես սեփական մտածողությամբ եմ առաջնորդվում:

Իսկ Ձեր քայլից հետո, արդյոք, այլ կուսակցություններից իրենց շարքերն համալրելու առաջարկ չե՞ք ստացել: Հնարավո՞ր է, որ համալրեք ՀՀԿ-ի շարքերը:

Առաջարկություններ չեմ ստացել: Չեմ ցանկացել գեղեցիկ խոսքերով տարվելով ինչ-որ քայլերի գնալ: Ինձ ճանաչողները գիտեն ես ինչ  ձեւի մարդ եմ: Ես քաղաքապետ էլ եմ աշխատել, տարբեր պաշտոններ էլ եմ զբաղեցրել, բայց ինձ պաշտոնն ու աթոռը չեն գեղեցկացրել: Ես ընդամենը իմ երկրի զինվորն եմ եւ ծառայում եմ իմ երկրին: Ես կմնամ իմ երկրի նախագահի կողքին, բայց չեմ պատրաստվում անդամագրվել ՀՀԿ-ին:

Իսկ փոխքաղաքապետի պաշտոնում շարունակելո՞ւ եք ձեր լիազորությունները:

Ոչ: Փոխքաղաքապետի պաշտոնից էլ արդեն դիմում եմ գրել եւ դուրս եկել, որ մինչ այդ կայացրածս որոշումը չդիտվի պաշտոնի հետ կապված խնդիր: Այստեղից այնտեղ գնալու մոտեցումն իմ «նատուռան» չէ:

Այսինքն` ինքնակամ հրաժարվո՞ւմ եք երկու պաշտոնական դիրքից էլ: Լավ այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու, ինչ ծրագրեր ունեք:

Պատրաստվում եմ սեփական բիզնեսով զբաղվել:

Եթե կարելի էր չակերտները բացեիք, ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:

Ցանկանում եմ հացի փուռ բացել:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Հ.Գ Հիշեցնենք, որ Արարատ քաղաքի համայնքի  ղեկավարը`  Աբրահամ Բաբայանն է: Վերջինս ՀՀԿ-ական է: