Դատավոր Սամվել Մարդանյանը սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այսօր` հունվարի 18-ին նիստի սկզբում դատավորը հրապարակել է իր որոշումը, թե քանի որ վկաների մեծ մասը գտնվում են Տավուշի մարզում, դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ: Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել հունվարի 24-ին ժ. 14-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

Որոշումը հրապարակելուց հետո դատավորն արագորեն լքել դահլիճը եւ հարկ չի համարել լսել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի հայտարարությունը:

Այս որոշումից հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, եւ ամբաստանյալների ծնողները դժգոհել են դատավորի արարքից: Նշենք, որ դատավարությունը Երեւան էր տեղափոխվել տուժող կողմի պայքարի արդյունքում:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալների հարազատները Արտակ Նազարյանի հարազատների հետ շարժվել են նախագահի նստավայր՝ իրենց բողոքն հայտնելու։ Այնտեղ նրանց խորհուրդ են տվել դիմել Արդարադատության խորհուրդ` պատճառաբանելով, որ միայն  խորհուրդը կարող է բեկանել դատավորի որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երեկ դատարանի դահլիճում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, երբ ցուցմունք էր տալիս գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: վերջինս հակասական ցուցմունքներ է տվել` տհաճ դրության մեջ դնելով դատավորին եւ մեղադրող կողմին: Դահլիճում այսօր նստածների կարծիքով, դատավարությունը տեղափոխում են Երեւանից դուրս, որպեսզի հնարավորինս կոծկեն գործի հանգամանքները:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը: