Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Հունվարի 17-ին, տեղի ունեցած ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Վարազդատ Կարապետյանը ծնվել է 1974 թ. Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետեւ ուսումնառությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1995-1996 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչութան տնտեսագիտական հետազոտությունների եւ վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա` նախագահի օգնական: 1996-1997 թթ. եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ.` Մոսկվայի «Տեխնո-ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:
1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի պաշտոնը, 2000-2002 թթ.` «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2003 թ. առ այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: 2011-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Տնտեսական գիտությունների թեկնածու է, մեկ ատենախոսության, հինգ գիտական հոդվածների եւ հինգ հետազոտությունների հեղինակ:
Անկուսակցական է:




























