ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունվարի 19-ին, ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Աթիլգանին, ում հետ քննարկել է մոտ ապագայում ստեղծվելիք «Կովկաս-Եվրոպա» միջազգային քաղաքական ակումբի աշխատանքներին առնչվող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը շեշտել է, որ այս կառույցը լինելու է քաղաքական երկխոսության հարթակ` տարածաշրջանի եւ ԵՄ առանցքային քաղաքական գործիչների ներգրավվածությամբ, որտեղ քննարկման են դրվելու տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզներում ամենաարդիական համարվող հարցադրումները:
Ջանան Աթիլգանը ներկայացրել է այդ ուղղությամբ հիմնադրամի կողմից կատարված աշխատանքը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հիմնադրամի` այս նախաձեռնության կենսագործմանն ուղղված աջակցության այլ հնարավոր ձեւաչափերը:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ գերմանական քաղաքական հիմնադրամի միջեւ համագործակցության նոր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը:




























