Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 19-ին, անախորժ միջադեպ է գրանցվել: Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը մասնակցելու էր եկել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` հայտնի «Կարամելի Հարութ» մականունով, սակայն դատական կարգադրիչները վերջինիս եւ բազմաթիվ այլ անձանց թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ` պատճառաբանելով, որ դահլիճը լեփ-լեցուն է:

Ղարագյոզյանը բղավել է դատական կարգադրիչների վրա, իսկ երբ ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը հայտնել է, որ կատարում է օրենքի պահանջը, պատգամավորը հայհոյանքներ է տվել եւ հեռացել է` այդպես էլ ներկա չգտնվելով դատական նիստին:

Նշենք, որ Մարգար Օհանյանի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Ըստ գործի նյութերի, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: