Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը արձագանքել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ կայացրած դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըմազի հայտարարությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Բյուլենթ Առընչը նշել է, թե դատավորին հարիր չէ ասել, թե կայացված որոշումն իրեն չի բավարարել։ «Այն դատարանի նախագահին վայել խոսքեր չեն։ դատավորները որոշում են կայացնում ապացույցների եւ խղճի համաձայն»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը։

Նշենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը հայտնել էր, թե իրենց կողմից կայացրած որոշումը իրեն չի բավարարել։ «Վճռով մեղադրյալները ազատ արդարացվեցին հանցավոր խմբի անդամ լինելու մեղադրանքներից, սակայն դա չի նշանակում, թե նման հանցախումբ չկա։ Պարզապես մենք իրավաբանորեն չենք հայտնաբերել անհրաժեշտ ապացույցներ։ Ես կարծում եմ, որ սպանության գաղափարը Յասին Հայալինը չէր։  Վճիռը ոչ ոքի չբավարարեց։ Եթե ինձ հարցնեն, կասեմ, այո, ինձ էլ չբավարարեց վճիռը»,-նշել է դատարանի նախագահը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։