Բնապահպաններն ահազանգում են` Հյուսիսային պողոտան փլվում է: «Էկոլուրի» ներկայացուցիչ Վիկտորյա Բուռնազյանը դիտարկումներ է իրականացնում Հյուսիսային պողոտայում: Սույն թվականի հունվարի 12-ին արված լուսանկարում երեւում է, թե ինչպես է հողի իջվածքի արդյունքում փլվում մայթը:

«Էկոլուրը» նշում է, որ հայտնի հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր, որ առաջացած ստորգետնյա դատարկությունների արդյունքում  Երեւանի կենտրոնում` այդ թվում եւ Հյուսիսային պողոտայում, հնարավոր են փլուզումներ: 

Բացառված չէ, որ իջվածքները տեղի են ունենում հողի վրա բազմահարկ շենքերի հսկայական ծանրության պատճառով, որոնք փոխարինել են փոքր տներին եւ կանաչ գոտիներին:

«Հարց է առաջանում Երեւանի գլխավոր ճարտարապետ եւ գլխավոր գաղափարախոս Նարեկ Սարգսյանին` արդյոք անհրաժեշտ ուսումնասիրություն, մասնագետների հետ խորհրդատվությունն իրականացվել է նախքան մեր մայրաքաղաքի  դեմքի փոխման հավակնոտ ծրագրի իրագործումը: Իսկ եթե նման ուսումնասիրություններ արվել են, ապա մենք կցանկանայինք մանրամասն ծանոթանալ դրանց հետ եւ համոզվել, որ արդյունքները ներառվել են ճարտարապետական նախագծերի հիմնավորումների մեջ»,- նշել են բնապահպանները: