Վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները պատի մեջ ամփոփելը ընդհանրապես կապ չունի Պանթեոնում տարածք չգտնելու հետ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` նման խոսակցությունները որակելով «շինծու, արհեստական, անհասկանալի բզզոցներ»: Մշակույթի նախարարի խոսքով` սա բարդ լուծում պահանջող հարց է, քանի որ երկար տարիներ օրինական կարգով այն չի ամփոփվել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետրոս Դուրյանն ունի իր շիրիմը եւ չի բացառվում, որ հետագայում մենք մշակույթի այլ գործիչների որոշ մասունքներ եւս պետք է ամփոփենք, որոշվեց, որ գանգն ամփոփվելու է Պանթեոնի տարածքում ` պատի մեջ` համապատասխան ցուցանակով, իսկ Պանթեոնում տարածք չգտնելու հետ կապված խնդիր գոյություն չունի»,- ասաց  Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը  նշեց, որ վերաթաղումներ կատարելու ճանապարհով չպետք է գնալ, քանի որ աշխարհի տարբեր երկրներում հայ ժողովուրդն ունի մտավորականների շիրիմներ, մշակութային արժեքներ, որոնք չպետք է տեղաշարժել: «Այդպիսով` մենք զրկում ենք այդ երկիրը այն հայկական մշակութային արմատներից, որոնք կան: Մենք շատ երկար ենք այս խնդիրը քննարկել եւ եկել ենք ամենատրամաբանական լուծմանը»,- նշեց նախարարը` հավելելով, որ եթե մասունքի մասին ենք խոսում, այդպես ենք լուծում տալիս այդ կարգի խնդիրներին:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ այս օրերին կրկին քննարկման առարկա է դարձել արեւմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների թաղման հարցը: Թերթերի փոխանցմամբ` դեռեւս 1959թ. Սկյութարի գերեզմանատանը, որտեղ թաղված էր բանաստեղծը, տեղափոխման ընթացքում Դուրյանի գանգն այն ժամանակվա Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամոք առանձնացվում է մնացած մասունքներից եւ տարվում պատրիարքարան՝ ի պահ: Ըստ այդ լուրերի` կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարցին այլ լուծում է գտել. բանաստեղծի մասունքը ոչ թե թաղելու են, այլ… պատի մեջ են զմռսելու: «Հետաքրքիր է, ո՞րն է նման որոշման պատճառը: Չէ՞ որ քրիստոնեական ավանդույթներում մասունքները զմռսելու կարգ չկա: Էլ չասած, որ դրան դեմ են հանդես եկել ինչպես Գրողների միությունը, այնպես էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը: Ըստ ամենայնի, Պողոսյանի այս «նորամուծությունը» պայմանավորված է նրանով, որ պանթեոնի տարածքը սահմանափակ է, և չարժե այն «զանիտ անել» մի գանգի համար, եթե անգամ դա Պետրոս Դուրյանի գանգն է»,- գրել է թերթերից մեկը: