Հրազդանի 1-ին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ-ը ներկայացնող Սասուն Միքայելյանը չի էլ կասկածել, որ ՀՀԿ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Սասուն Միքայելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի հունվարի 19-ին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածու է գրանցվել Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ՀՀԿ-ական խորհրդական` Հովհաննես Պրտավյանը:
NEWS.am-ը զրուցեց թեկնածուների հետ պարզելու համար, թե ՀՀԿ-ի որոշումը, ինչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների ընթացքի վրա: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, բնականաբար, ՀՀԿ-ի որոշումը գաղափարական հենքի վրա է եւ դրանով իր դիրքերն ավելի են ուժեղանալու: Նա միաժամանակ նկատեց, որ ներկա պահին ոչ մի լարվածություն չկա թեկնածուների միջեւ, թեեւ յուրաքանաչուր թեկնածու ունի իր թիմը:
«Մեր թիմը մեծ, հզոր թիմ է եւ կաշխատենք, որ անցնենք: Համոզված եմ, որ հաղթելու ենք: Եթե ես իմ շանսերը բարձր չգնահատեի, մրցապայքարի մեջ չէի մտնի»,-ասաց Ա. Դանիելյանը: Հարցին, թե ՀԱԿ-ի աջակցությունը Սասուն Միքայելյանին ինչ-որ բան փոխելո՞ւ է ընտրապայքարում, թե` ոչ, գործող քաղաքապետը պատասխանեց. «Դա իրեն հարցրեք: Ինձ համար ոչ մի բան չի փոխում»: Իսկ հաղթանակի ճանապարհին իր գլխավոր առավելությունը, ըստ նրա, այս տարիներին իր կատարած աշխատանքն է: Խոսքն, ըստ նրա, հիմնականում վերաբերում է Հրազդանում քաղաքաշինական խնդիրների լուծմանը:
Սասուն Միքայելյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Իսկ ո՞վ էր կասկածում, որ ՀՀԿ-ն սատարելու է գործող քաղաքապետին: Դրանով վարչական լծակները, որը օգտագործում են, ավելի կամրապնդվի»:
Հարցին, թե իրենց կողմից կա՞ արդյոք մշակված ռազմավարություն, որ կարողանան չեզոքացնել հավանական ընտրակեղծիքները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դրանք միշտ էլ եղել են նրանց մոտ, բայց դե մենք պետք է դեմն առնենք: Իսկ նրանց դեմն առնելու մեթոդը ժողովուրդն է: Ավելին` ժողովուրդը այս անգամ կապացուցի, որ Հայաստանում կարող են արդար ընտրություններ տեղի ունենալ: Հրազդանցին դա կանի: Այս անգամ չեն կարող կեղծել: Այսինքն` իմ դեպքում երբեք նման բան չի եղել: 5 անգամ առաջադրվել եմ եւ անկասկած հաղթել եմ: 4 անգամ ԱԺ ընտրություններում, 1 անգամ էլ` քաղաքապետի»:
Ի դեպ, Սասուն Միքայելյանն արձագանքելով մեր այն հարցին, թե ներկա դրությամբ Հրազդանում ընտրախախտումներ կամ ժողովրդին ընտրակաշառք բաժանելու միտումներ նկատվո՞ւմ են, նկատեց, որ դեռ գումար, հողեր, ավտոտնակի տարածքներ եւ այլն բաներ են խոստանում: Ինչ վերաբերում է ընտրողներին 5 հազարական դրամ բաժանելու հավանականությանը, ընդդիմադիր գործիչն ասաց. «Չեմ կարող ասել որքան կլինի ընտրակաշառքի չափը, գուցե «ստավկեքը» բարձրանան»:
Սասուն Միքաելյանից ամեն դեպքում հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս կմեկնաբանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը խորհրդականի` Հովհաննես Պրտավյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում, ինչին նա արձագանքեց. «Չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ իր խորհրդականն է: Երեւի դրել է, որ իրեն էլի խորհուրդ տա ընտրությունների ժամանակ»:
Հ.Գ. Ավելի ուշ Հրազդանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդական` Հովհաննես Պրտավյանը հրաժարվել է ընտրապայքարից եւ ներկա պահին գտնվում է արձակուրդում: NEWS.am-ը զրուցեց նաեւ Հովհաննես Պրտավյանի հետ, ով հայտնեց, որ իր քայլի պատճառը պայմանավորված է առողջական խնդիրներով: «Պարզվեց, որ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ»,- նշեց եւ այլեւս չկարողացավ շարունակել զրույցը:
Հրազդանում նախընտրական քարոզչությունը կանցկացվի հունվարի 25-ից փետրվարի 10-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























