Գյումրիի Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչները հունվարի 20-ին, աշխատանքից տուն վերադառնալով նկատել են, որ տների դռների մոտ ՕԵԿ-ի նախընտրական գրքույկներն են:

«Հասա տուն, ոտքերս սրբեցի, մեկ էլ նկատեցի գրքույկ, կռացա վերցրի, ճիշտն ասած, մտածեցի էլի Եհովայի վկաներն են: Մեր շենքերում դրանք շուտ-շուտ են գալիս, որ տանը չենք լինում, գրքույկները թողնում են կամ շրիշակի տակ, կամ դռների մուտքի շորերի վրա, բայց տեսա ՕԵԿ առաջնորդի նկարն ու ապշեցի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Անի թաղամասի Տրդատ ճարտարապետ փողոցի 6ա շենքի բնակիչ Գայանե Ղազարյանը, հավելելով, որ նմանատիպ գրքույկներ տեսել է նաեւ հարեւանների դռների մոտ:

«Սկզբում մտածեցի տանը չեմ եղել, դրա համար են դրսում թողել, բայց հարեւանուհիս՝ Վարսիկն էլ հո միշտ տանն է, կամ Աղուն տատիկը, նրանց դռներին ինչու են գցել»,-ասել է նա:

70-ամյա Աղունիկ Սիրունյանի խոսքով, ՕԵԿ-ականների «երեսները չի բռնել, որ գան, հանձնեն գրքույկները քաղաքացիներին ու որոշել են այս կերպ վարվել»: Գրքույկներում ՕԵԿ-ը հաշվետվություն է ներկայացնում գյումրեցի ընտրողներին, ապա նոր ծրագրեր ներկայացնում: Դրանք վերաբերում են կրթական ոլորտին, ավելի շուտ նախակրթարաններին: Համեմատական է անցկացված նախակրթարանների վիճակի եւ թվի վերաբերյալ, 90-ականների հետ: Ըստ ՕԵԿ-ականների, նախակրթարանների թիվը Գյումրիում նվազել է եւ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը ծիծաղելի չափերի են: