Հայաստանյան ընտանիքներում հաճախակիացել են, երեխաների ներկայությամբ կանանց սեռական բռնության ենթարկելու, տղամարդկանց փորձերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կենտրոն դիմած կանայք հիմնականում նշում են, որ ամուսինները այդ պահին սթափ վիճակում են լինում: «Գիտակից, սթափ վիճակում են լինում՝ ոչ ալկոհոլ օգտագործած, ոչ էլ թմրանյութ: Բնականաբար թմրանյութ օգտագործողների եւ հոգեախտաբանական խնդիրներ ունեցողների մոտ ավելի հաճախ է նման բան կատարվում, բայց շատ հաճախ նաեւ գիտակից վիճակում են նման քայլի դիմում»,-ասաց նա: Ըստ հոգեբանի՝ ընտանիքում տղամարդկանց սեռական ցանկությունների դրսեւորումների սանձարձակությունը նաեւ ինտերնետի տարծաման հետեւանք է: Շատ դեպքերում տղամարդը ինտերնետում դիտելով էրոտիկ ու պոռնոգրաֆիկ ֆիլմեր՝ կնոջից պահանջում է ոչ ավանդական սեռական հարաբերություն: «Կանայք շատ հաճախ չեն համաձայնում ոչ ավանդական տարբերակին, ինչը սեռական բռնության պատճառ է դառնում: Սա  իր հերթին բռնաբարություն է համարվում: Կնոջ մոտ աստիճանաբար կորում է  հարգանքը, սերը  ամուսնու տղամարդու նկատմամբ եւ բնականաբար փորձում է  հեռանալ նրանից»,- նշեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ դեպքեր կան, երբ ամուսինը դիմում է շանտաժի: «Նույնիսկ սպառնալիք է եղել կնոջ նկատմամբ, որ եթե նա անալ կամ օրալ հարաբերություն չունենա, ապա ամուսինը պարտք վերցրած գումարի դիմաց պարտատերերին կնոջը կառաջարկի»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այս դեպքում կինը տանից փախել է եւ դիմել է կենտրոնի օգնությանը:

Նշենք, որ 2011 թվականին, Կանանց իրավունքների կենտրոնի ազգային թեժ գծին ստացված 2302 ահազանգից 1678-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը, որից  1042-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 612 -ը` ֆիզիկական եւ 24-ը` սեռական:

2011թ. հունվար-սեպտեմբերին Երեւանում գտնվող Ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 1325 այց (459 առաջնային, 866 կրկնվող): 459 առաջնային այցերից  288-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 360-ը` ֆիզիկական եւ 11-ը` սեռական:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը