Հայաստանում հունվարի 28-ը մեծ շուքով չեն նշում, քանի որ այն նոր, երիտասարդ տոն է, դեռեւս չի արմատավորվել մարդկանց մեջ: Այս կարծիքին են մեր հարցմանը մասնակցած քաղաքացիները: Մեկ հետաքրքիր դիտարկում եւս: Հարցմանը մասնակցած տղամարդիկ «սպառնում են» հակառակ սեռի ներկայացուցիչներին` ասելով, որ հունվարի 28-ին կանանց ցուցաբերած վերաբերմունքից է կախված, թե տղամարդիկ ինչպես կվարվեն մարտի 8-ին: Իսկ կանայք եւ աղջիկները, «եթե ուզում ես մարտին 8-ին լավ նվեր ստանալ, ուրեմն` փողերդ մի խնայիր հունվարի 28-ին», սկզբունքին հետեւելով, արդեն ձեռնամուխ են եղել նվերների գնմանը:

27-ամյա Տաթեւը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չնայած մարդկանց մոտ ավելի արմատավորված է փետրվարի 23-ը, բայց, տարեցտարի, երբ պետական մակարդակով այդ տոնին ավելի է ուշադրություն դարձվում, մարդկանց շրջանում եւս այն տարածվում է: Նրա կարծիքով` սա վերաբերում է միայն հայկական բանակում ծառայած տղամարդկանց, իսկ հայկական բանակում ծառայած իր մտերիմների համար Տաթեւը նվերներ ընտրում է հիմնականում Վերնիսաժից ու գերադասում է այնպիսի նվերներ, որոնք կապված են խմիչքի հետ: «Հունվարի 28-ին տարիներ շարունակ եղբորս համար եմ նվեր ընտրել, նրա ծառայելու տարիներին ամենաթանկ  նվերը իմ գրած նամակներն էին, այժմ նամակ չեմ գրի, որովհետեւ նա արդեն այստեղ է` իմ կողքին, բայց շատ օրիգինալ մի նվեր կգնեմ»,- ասաց Տաթեւը:

31-ամյա Մարիան աշխատում է իր շրջապատի տղամարդկանց նվերներ անել տարվա ընթացքում, ոչ թե զուտ հունվարի 28-ին եւ փետրվարի 23-ին: Չնայած երկու տոներն էլ կապված են բանակի հետ, բայց Մարիան կոչ է անում աչքաթող չանել չծառայած տղամարդկանց: Իսկ թե ինչ նվիրել տղամարդկանց, Մարիան խորհուրդ է տալիս, որ եթե շատ մտերիմ մարդ չէ, կարելի է չեզոք նվերներ գնել, իսկ եթե մտերիմ է, ապա կարելի է ճշտել, թե ինչ է նրան անհրաժեշտ եւ ըստ այդմ`  որոշել: Հարցին, թե երբեւէ պատահել է, որ հունվարի 28-ին նվեր չգնելու համար տղամարդիկ վրեժխնդիր լինեն, նա պատասխանեց. «Նույնիսկ հունվարի 28-ին ամենաշքեղ նվերը, որ մատուցում ես տղամարդկանց, երաշխիք չի կարող լինել, որ մարտի 8-ին ուշադիր կլինեն քո հանդեպ»:

28-ամյա Աննայի կարծիքով` հունվարի 28-ի մասին մարդիկ տեղեկացել են վերջին տարիների ընթացքում, իսկ օրինակ` փետրվարի 23-ը եւ մարտի 8-ը տարիներ շարունակ մեծ շուքով նշել են ԽՍՀՄ-ում: Նրա դիտարկմամբ` հունվարի 28-ը հիմնականում նշում են ընկերներով, կոլեկտիվներով, բայց ոչ երբեք ընտանիքում: Աննան իր շրջապատի տղամարդկանց համար փետրվարի 23-ին է նվերներ գնում: Նա խորհուրդ է տալիս  տոնին ընտրել կամ չեզոք նվերներ, օրինակ` օծանելիք, բաժակ, դրամապանակ, իսկ մտերիմներին այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Հարցմանը մասնակցած 21-ամյա Մերին կարծում է, որ մարտի 8-ը ավելի գեղեցիկ տոն է, քան հունվարի 28-ը, եւ չնայած մեզանում այն մեծ շուքով չեն նշում, բայց Մերին հետեւում է սկզբունքին, որ եթե ուզում ես մարտին 8-ին լավ նվեր ստանալ, ուրեմն` փողերդ մի խնայիր հունվարի 28-ին, եւ անտարբերության չի մատնում տղամարդկանց:

Հարցմանը մասնակցած տղամարդկանցից էլ փորձեցինք ճշտել, թե ինչ նվեր կցանկանային ստանալ, արդոյք հունվարի 28-ը վերաբերում է սովետական բանակում ծառայած տղամարդկանց, ինչպես է այն նշվում եւ այլն: «Այս տոնը նոր է, դեռ լավ չի մտել մարդկանց մեջ, ԽՍՀՄ-ի ժամանակ փետրվարի 23-ը մեծ շուքով էր նշվում, դրա համար էլ այժմ իներցիայի ուժող դեռ նշում են փետրվարի 23-ը»,- ասաց 32-ամյա Արտակը`  հավելելով, որ հունվարի 28-ին պետք է բոլոր տղամարդկանց շնորհավորել, քանի որ առանց այդ էլ կանայք երկու տոն ունեն, իսկ տղամարդիկ մնացել են այդ մեկի հույսին: «Հունվարի 28-ին կանանց ցուցաբերած վերաբերմունքից է կախված, թե տղամարդիկ ինչպես կվարվեն մարտի 8-ին»,- խոստովանեց Արտակը: Նա սիրում է նվերներ ստանալ, բայց սիրում է այնպիսի նվերներ, որոնք զուտ առնչվում են տղամարդկանց, չի սիրում, երբ տան համար որեւէ հետաքրքիր բան են բերում: Նրա խոսքով` հունվարի 28-ին իր ստացած ամենալավ նվերը բանակային տարիներին էին` ծնողների կողմից ուղարկված «տուլիկի» տեսքով:

Իսկ օրինակ` 32-ամյա Անդրանիկի համար նվերի արժեքը եւ նշանակությունը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ սրտանց նվիրեն: Նրա հավաստմամբ`  ինքը վրեժխնդիր չի լինի իր շրջապատի կանանցից եւ աղջիկներից, եթե իրեն նվերներ չգնեն հունվարի 28-ին: 48-ամյա Արմենի համար տոնը փետրվարի 23-ն է: Նրա խոսքով` հունվարի 28-ը համեմատաբար նոր տոն է, եւ այն ավելի շատ երիտասարդներն են նշում: «Մեր կանայք փետրվարի 23-ին մեզ կամ հիշեն, կամ չհիշեն»,- ասաց Արմենը` հավելելով, որ իմ համար լավագույն նվերը սերը եւ ուշադրությունն է:Նա առաջարկում է տղամարդկանց համար առանձին տոն սահմանել, քանի հունվարի 28-ը բանակի օրն է:

26-ամյա Արծրունի կարծիքով` հունվարի 28-ի մասին մեր հասարակությունը այդքան էլ տեղեկացված չէ, ավագ սերնդի ներկայացուցիչների համար, ովքեր ծառայել են սովետական բանակում, տոնը փետրվարի 23-ն է: Արծրունը հունվարի 28-ին գերադասում է օգտակար նվերներ ստանալ եւ այդպես էլ լինում է, օրինակ` նրան նվիրում են վերնաշապիկ, փողկապ, դրամապանակ, օծանելիք եւ այլն: «Հունվարի 28-ին եւ փետրվարի 23-ին աղջիկների գործելակերպը ուղիղ համեմատական է գարնանային տոներին կանանց ստանալիք նվերների հետ, չնայած մենք միշտ էլ տղամարդկային մեծահոգություն ենք ցուցաբերում»,- կարծում է երիտասարդը:

Նշենք, որ 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Հայկական Ազգային բանակին: Հայկական բանակի կայացման տարիներն են համարվում 1988-1992 թվականները, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրման պատճառով ծագեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ ժամանակահատվածում երկրի անվտանգությունը եւ ԼՂՀ բնակչությանը պաշտպանում էին կամավորական ջոկատները: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ Հատուկ գնդի ստեղծման մասին որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն: 2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային: