2008-ի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, ՀՔԾ-ի նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակած տեղեկատվական հաղոդումը ոչ միայն չի փարատել ՀԱԿ-ի կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը: Այս մասին, այսօր` հունվարի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ-ի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջhանգիրյանը:

Նա ներկայացրեց տասը էջանոց հիմնավորումներ, նշելով, որ ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունն Ազատության հրապարկում 2008 թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքներն, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են «օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ», թեեւ մինչ օրս որեւէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություններ):

Գագիկ Ջհանգիրյանը նկատում է, որ մարտի 1-ին 10 սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողությունների ծավալի ցուցադումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել զոհերից Համլետ Թադեւոսյանի , Տիգրան Աբգարյանի եւ «Չերյոմուխա-7»-ի գործադրմամբ սպանությունների վերաբերյալ փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետեւությունների հեքման համար:

Նրա խոսքով, «փոխանակ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքերը քննության ու ստուգման առարկա դառնային, ՀՔԾ-ն լծվել է փաստահավաքի աշխատանքն ամեն գնով փնովելուն, ձեռք բերված տվյալները, արված հետեւությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին»: Այնինչ, ըստ Ջհանգիրյանի, այդ փաստերը լիուլի բավարար էին կատարված սպանություններից առնվազն մի քանիսը եւ մեղավորներին քրեական պատասխանտվության ենթարկելու համար:

Գագիկ Ջհանգիրյանը ահազանգեց նաեւ, որ մինչ օրս լռության է մատնված նաեւ Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու» մասին հրամանագրի սահմանադրականության եւ մասնավորապես Արտակարգ դրություն ռեժիմի ապահովմանը ՊՆ-ի ներգրավվածության խնդիրները:

Նա հիշեցրեց, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվեցին միայն 2009թ գարնանը, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում «զանգվածային անկարգությունների» մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար:

«Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, Ներքին զորքերի ու բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել որպես զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունն ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անտեսելով օրենք եւ օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-2 իրադարձությունների իրական պատասխանատուները, այդ թվում սպանություններ գործած անձիք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը: