Թերթը գրում է, որ «Արմավիա» ընկերության նորանշանակ նախագահ Նորայր Բելլույանը պարզաբանել է, որ «Արմավիան» չի վաճառվում. «Այդպիսի բաներ ես կարդում եմ ինտերնետում, չեմ ուզում ուշադրություն դարձնել այդ ասեկոսեներին, պարզապես մի բան գիտեմ, որ սեփականատերը չի ուզում վաճառել կամ միտք չունի առայժմ վաճառել ընկերությունը: Ես դրան եմ հավատում, ուրիշ ոչ մի տեղեկություն չունեմ, թե ով և ինչպես է ուզում գնել»:

«Առավոտ»-ի հարցին՝ «Արմավիայում» աշխատակիցներն իսկապե՞ս կրճատվում են, նա պատասխանել է. «Զանգվածային բառը չեմ ուզում նշել, բայց կրճատումներ եղել են, կան, կլինեն: Գիտեք, որ կրճատումներ լինում են բոլոր ընկերություններում՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Մեզ մոտ մենք չենք կրճատում կրճատման համար, այլ կրճատում ենք այն մարդկանց, ովքեր արդյունավետ չեն աշխատում: Կա լավ աշխատող, կա վատ աշխատող, վատ աշխատողը կրճատվում է, իսկ լավ աշխատողը՝ մնում»: Նա նաեւ բացատրեց, որ ճգնաժամի ժամանակ ճիշտ չէ պահել 1000 հոգի աշխատող, եթե այդ նույն աշխատանքը կարող են անել 500 հոգին. «Հիմա ընկերությունն ունի 380 աշխատող, կրճատվել է 20 տոկոսը»:

Այն հարցին, թե այդ ճգնաժամը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ ընկերությունում մնացած լավ աշխատակիցների աշխատավարձերը ուշացումով վճարվեն, պարոն Բելլույանը պատասխանել է. «Չնչին ուշացումներ միգուցե կան, բայց հիմնականում խնդիր չունենք: Այն մարդիկ, որոնք ազատվում են աշխատանքից, նրանք առաջնահերթ ստանում են աշխատավարձ, եւ մենք իրենց հետ խնդիր չունենք: Նշեմ նաեւ, որ շատերը ոչ թե կրճատվում են կամ ազատվում աշխատանքից, այլ ուղարկվում արձակուրդի իրենց հաշվին, դա մեր առաջարկությունն է, որովհետեւ վաղը ճգնաժամը կվերջանա, կընդլայնվենք ու թռիչքները կավելանան, այդ մարդիկ երեւի հետ կկանչվեն իրենց աշխատանքին»,-գրում է «Առավոտ»-ը: