Հեռուստառադիոպետվարչության նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը հունվարի 14-ից կալանքի տակ է: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինիս խոսքով, Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Յուրացումը կամ վատնումը): Բացի այդ, ըստ Մալխասյանի, մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, ով այժմ հետախուզման մեջ է:
Գործը քննում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, եւ, նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:
Մինչեւ ըստ մամուլի հրապարակումների, խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռիի մարզում գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել, իսկ ռուսաստանաբնակ գործարարներից մեկը՝ Գոռ անունով, ֆինանսավորել էր այն:
Բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել եւ ի վերջո գործարարը դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի յուրացման կամ մսխման մասին: Ընդ որում՝ Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը:
Հակոբյանը թեեւ վերջին շրջանում առանձնապես ակտիվ չէր, սակայն համարվում է նախկին իշխանության ներկայացուցիչ եւ Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած անձնավորություն:




























