Սոչիում երեկ` հունվարի 23-ին, կայացած եռակողմ հանդիպման ամենամեծ ձեռքբերումը բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելն էր: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Բանակցային գործընթացը շարունակվելու է, եւ պատերազմի վտանգը որպես ռեսուրս կորցնում է իր ազդեցությունը: Հակամարտող կողմերը աշխատելու են նվազեցնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հումանիտար շփումների եզրեր են փնտրելու»,- ասաց քաղաքագետը: Նրա կանխատեսմամբ` Մինսկի խմբի ձեւաչափը կշարունակվի, իսկ Ռուսաստանն էլ կփորձի մյուս համանախագահողների համեմատ ավելի մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել խնդրի կարգավորման հարցում:

«Այս հանդիպումը մեդվեդեւյան ցիկլի ավարտն է, բայց  Ռուսաստանը կփորձի ակտիվ լինել  բանակցային գործընթացում, ավելին` Ռուսաստանը շահագրգռված է, որ պատերազմ չլինի: Հասկանալի է. որ ով էլ լինի Ռուսաստանի նախագահը, դժվար թե նույնքան շահագրգռվածություն ցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում, որքան` Դմիտրի Մեդվեդեւը»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանի` պատերազմ սկսելու սպառնալիքների ավելի շատ օգտագործման արդյունքում այդ երկիրը ծուղակի մեջ ընկավ, որովհետեւ միջազգային հանրության համար կարեւոր դարձավ ոչ թե բանակցային գործընթացը,  այլ խաղաղության պահպանումը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը, Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են հունվարի 23-ին Սոչիում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Հանդիպումը կայացել է Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: