Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը խստացրել է Lեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է. «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել), սակայն երեկ` հունվարի 23-ին մեղադրանքը լրացվել է Քր.օր.-ի 12 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ): Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի  ազատազրկում:

Ավելի վաղ` Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին դեպքի մանրամասները, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել էր զինվորի աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին:

Այնուհետ Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:

Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում, իսկ եԵնթասպային ձերբակալել էին դեկտեմբերի 17-ին եւ մեղադրանք էին առաջադրել:

Նարեկի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով ձերբակալման փաստին, ասել էր. «4 օր անցավ նոր ձերբակալեցին: Հալալ լինի իրենց: Եթե մեկին մի հատ սիլլա տանք մեզ 10 րոպե հետո կալանքի կվերցնեն»: Անդրանիկ Ավետիսյանը նկատել էր, որ դեռ չգիտի` Արմեն Թովմասյանի թիկունքում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, բայց պայքարելու է այնքան, մինչեւ նա իր արժանի պատիժը կրի: