«Բանգլադեշցի Համո»-ի եւ ՀԱԿ-ից Տիգրան Առաքելյանի ձերբակալությունները քաղաքական լինել չեն կարող, քանի որ նրանք քաղաքական գործիչներ չեն: Այս մասին, այսօր` հունվարի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանավորեցին, ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համո»-ին նույնպես ձերբակալեցին, իսկ ահա «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի գործով ձերբակալություններ չեղան, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ես ասել եմ ու նորից կրկնում եմ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական հարթության մեջ, իսկ իրավական խնդիրները բացառապես իրավական հարթության, անկախ նրանից ում թիկնապահն է, ում կողմնակիցն է կամ ում բարեկամն է»:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 15-ին, Ավանի «Հարսնաքար» ռեստորանում, հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: 

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սնջոյանի նկատմամբ (ով համարվում է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը)` «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով, սակայն նա այդպես էլ չի կալանավորվել: