Երեւանում, հունվարի 25-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողով, որտեղ հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ելույթներից հետո տեղի կունենա ԵՊՀ` ռազմահայրենասիրական բնույթի հրատարակությունների եւ Արցախին վերաբերող լուսանկարների ցուցադրություն: Կպարգեւատրվեն բոլոր այն դասախոսները եւ ուսանողները, ովքեր որոշակի ակտիվություն են ցուցաբերել ազատամարտիկների ծնողների եւ բանակ-համալսարան կապի ամրապնդման գործում: Գիտաժողովի նիստերից առաջ կկայանա նաեւ Հայոց բանակին նվիրված մշակութային միջոցառում:
Գիտաժողովի առաջին` «Հայկական բանակը պատմության տարբեր շրջափուլերում» խորագրով նիստի ընթացքում զեկույցներով հանդես կգան ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածուներ Հայկ Հակոբյանը, Հակոբ Հարությունյանը եւ Պետրոս Հովհաննիսյանը, ովքեր կներկայացնեն հայկական բանակի գոյության եւ գործունեության վերաբերյալ տվյալներ Երվանդունիների, Արտաշես Առաջինի եւ Տիգրան Մեծի օրոք: ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը իր զեկույցում տեղեկություններ կփոխանցի Քրիստոսից առաջ 21-րդ դարում հայոց զինուժի վերաբերյալ:
Գիտաժողովի երկրորդ` «Հայաստանի Երրորդ Հանրապետության ազգային բանակը» խորագրով նիստի ընթացքում «Երրորդ հանրապետության ազգային բանակի կազմավորման փուլերը» թեմայով կզեկուցի ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը, ինչից հետո պաշտպանության բանակի կազմավորման ուղու մասին կխոսի ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կայացման, բարեփոխումների ընթացքի եւ Հայոց բանակի ռազմարվեստի պատմության մասին զեկույցներով հանդես կգան Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աշոտ Մելքոնյանը եւ փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը:




























