Սահմանադրական դատարանն այսօր` հունվարի 24-ին, մերժել է 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հայցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը` հավելելով, որ իրենց կողմից վիճարկվող երկու դրույթներն էլ ՍԴ-ն համարեց սահմանադրական:
Հիշեցնենք, որ տուժող կողմը դատի է տվել նախաքննական մարմնին` նյութերը իրենց չտրամադրելու համար: Այդ գործով Արտակ Նազարյանի հարազատները բողոքարկել են այն բանի սահմանադրականությունը, որ «նախաքննության գաղտնիություն» հասկացությունը վկայակոչելով՝ նախաքննական մարմինը քրեական գործի նյութերը չէր տրամադրում տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին: Բողոքարկումներն անցել են երեք դատական ատյաններով`Ընդհանուր իրավասության, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ:
Նշենք, որ այսօր` հունվարի 24-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Արտակ Նազարյանի մահվան գործով բուն դատական նիստը, որին Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները չեն մասնակցելու: Պատճառն այն է, որ դատական նախորդ նիստին` հունվարի 18-ին, դատավոր Սամվել Մարդանյանը սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:




























