Չի բացառվում, որ նախկինի պես ՀՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորի երկրի ու ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին, այսօր` հունվարի 25-ին, ասուլիսում նշեց խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով. «Այդպիսի քննարկում չկա, բայց դա դասական ձեւ է եւ կարծում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»:
Նա նաեւ բացառեց, թե իշխանությունները կհրաժարվեն մեծամասնական ընտրակարգից, հիշեցնելով, որ այդ հարցը փակվել է այն ժամանակ, երբ ընդունվել է ընտրական նոր օրենսգիրքը:
«Կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան, որ ՀՀԿ-ն պահպանի իր դիրքերը քաղաքականության մեջ եւ նաեւ որոշակի առավելությունների հասնի` լինելով առաջին տեղում: Ինչ վերաբերում է 41 մեծամասնական ընտրատարածքներին, մենք հենց այսօր պետք է որոշենք, թե ովքեր կարող են այդ մրցակցությանը մասնակցել: Մենք յուրաքանչյուր տարածքի համար ունենք բավականին լուրջ թեկնածուներ: Դեռ քննարկման փուլում է, թե ովքեր պետք է մասնակցեն տեղերում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով նոր ԱԺ-ում երիտասարդների ներգրավմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Շատ լավ կլինի, որ խորհրդարանում ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում: Այստեղ ահել ու ջահելի խնդիր չի կարող լինել: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնակից գա, հետո դառնա գլխավոր մասնակից եւ այսպես շարունակ»:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Արտաշես Գեղամյանը եւ եւս մի քանի նախկին քաղաքական գործիչներ ընդգրկվելու են ՀՀԿ-ի ցուցակում, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել:
ՀՀԿ-ի ցուցակում գործարարների ներգրավման մասին էլ ասաց, որ կլինեն նրանք, ովքեր ակտիվ են անկախ նրանից գործարար են, թե` ոչ: «Կլինեն մարդիկ ովքեր կառաջադրվեն եւ ՀՀԿ-ն նրանց չի պաշտպանի, կլինեն մարդիկ ում կպաշտպանի, կլինեն, որ ձեռնպահ կմնա»,-ասաց նա, տեղեկացնելով, որ ՀՀԿ-ի հերթական համագումարը նախատեսվում է անցկացնել մարտի կեսերին:




























