Բաց նամակով Հայ ազգային կոնգրեսին է դիմել նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը, որտեղ նշում է, որ ՀԱԿ-ն իրեն սպառել է ե անցել յուրայինների ռմբահարելու գործընթացին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն մեկ ամիս է հետեւում եմ հայկական լրատվամիջոցներին եւ մի եզրահանգման եմ եկել` Հայ ազգային կոնգրեսն այլեւս սպառելով իրեն, անցել է յուրայինների ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Եվ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում տարբեր կառույցների են անդամագրված եղել ու հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք դաշտից դաշտ փոխելով «մաքուր» մնացին:
Ի՞նչ է, մարդն իրավունք չունի վերանայելու իր անցյալը, իրավունք չունի՞ եզրահանգումներ անել իր շուրջը կատարվող իրադարձություններից: Մի՞թե մեր պայքարն ավարտվեց, ավելի ճիշտ` ողբերգական վախճան ունեցավ: Մենք` 1988-ին պայքարի ելածներս, չէինք պատկերացնում նման ավարտ: Մենք դարձանք քաղբանտարկյալներ` մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք էլ այսօր թույլ են տալիս իրենց գնահատել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ եւ ով` ոչ:
Ես` որպես նախկին քաղբանտարկյալ լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եւ դուք իրավունք չունեք Սուրիկի (Սուրեն Սիրունյան-խմբ) դեմ ուղղել Ձեր ծանր հրետանին, Դուք ինքներդ միշտ երազել եք ունենալ ձեր կողքին Սուրիկի նման հավատարիմ ընկեր: Այն, ինչ Սուրիկն է արել շարժման համար, չի արել որեւէ մեկը ձեզանից, իսկ դուք միայն ապշած դիտորդի դերում էիք` թե ազատության մեջ, թե «Վարդաշեն» քրեակատարողականում: Գոնե ես այդ ամենի մասին լավ գիտեմ: Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք: Ես ինքս էլ չեմ դիմել Եվրադատարան, ի՞նչ է, ես դադարո՞ւմ եմ նախկին քաղբանտարկյալ լինելուց:
Մի՞թե սա է ձեր «պայքար, պայքար մինչեւ վերջը», բայց չէ՞ որ մենք հավատում էինք դրան: Իսկ Դուք այդ ամենից հետո նստեցիք բանակցությունների այս իշխանությունների հետ: Դուք չէի՞ք ասում` ոչ մի բանակցություն այս իշխանությունների հետ, Դուք չէի՞ք ասում` գնալու ենք մինչեւ վերջ: Բա ի՞նչ եղավ ձեզ հետ: Թե՞ բանակցությունների ժամանակ «քցեցին» ձեզ, հուսախաբ արեցին: Հերի’ք է, պետք չէ ժողովրդի անունից անձնական հարցեր լուծել, իսկ չստացվելու դեպքում մեղավորներ փնտրել ի դեմս Սուրիկի: Հերիք է պարոնայք, հերիք է հանուն ձեր անձնական շահերի կեղտոտ քայլերի գնալ: Անցեք Ձեր բուն գործին` առջեւում ընտրություններ են: Թերեւս այդքան մաքուր անցյալ էլ չունեք, սակայն դեռեւս ուշ չէ սթափվելու համար: Սթափվե’ք, եւ թացը չորից տարբերե’ք:
Այսքանով առայժմ ուզում եմ ավարտել, բայց եթե կուզեք այս ամենի շարունակություն, եթե կուզեք էլ ավելին խոսեմ, կխոսեմ, բայց խորհուրդ չեմ տա ձեզ նման ցանկություն դրսեւորել: Սթափվե’ք»:
Նշենք, որ Սամվել Աբովյանը ձերբակալվել է 2008-ի մարտի 10-ին, Վրաստանում, Սուրեն Սիրունյանի հետ (վերջինս անցնում էր «7-ի գործով»): Ս. Աբովյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ), իսկ 2008-ի հունիսին ստորագրությամբ ազատ է արձակվել, գործը դատարան չի հասել:
Ավելի վաղ Սուրեն Սիրունյանն էր հայտարարել, որ Եվրադատարանից հետ է վերցնում իր բողոքը, քանի որ չի ուզում գործիք դառնալ ՀԱԿ-ի ձեռքին:



























