Թեեւ 2011 թվականը Լոռիի մարզի Մեծ Պառնի գյուղի համար բարենպաստ էր կարկտահարությունների բացակայության առումով, սակայն հակակարկտային կայանների տեղադրումը գյուղի համար մինչ օրս մնում է օրախնդիր: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասել է անձամբ համայնքի ղեկավար Հրայր Յաղուբյանը:
Նրա խոսքով, 2011-ը Լոռիի մարզի Մեծ Պառնի համայնքի համար ձեռքերումների տարի էր, որտեղ կարողացել են մաքսիմալ չափով բերք հավաքել: «Կառավարությունից ստացանք որակյալ գարնանացան գարու սերմացու, ցանեցինք շուրջ 75 հա գարի: Մինչ այդ, կարելի է ասել, որ գյուղը գարուց զրկվել էր: Աշնանացան գարու եւ ցորենի ցանք ենք կատարել: Տարին բացառիկ էր: 40-45 ցենտներ աշնանացան ցորենի բերքատվություն ենք ապահովել, 38-40 ցենտներ էլ գարու բերքատվություն»,-ասաց նա:
Որպես տարվա ձեռքբերում համայնքի ղեկավարը բացի բերքատվության որակից, առանձնացրեց նաեւ հացահատիկային կուլտուրաների սորտաթարմացումը, որն ըստ նրա` 3-4 տարի դեռ կդիմանա, այլապես բերքատվությունը կնվազեր:
Անդրադառնալով համայնքի խնդիրներին, գյուղապետը կարեւորեց գյուղտեխնիկայի ֆիզիկական ու բարոյական մաշվածությունը, ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակը:
Նշենք, որ Մեծ Պառնի համայնքն ունի 1600 հա վարելահող, որից մոտ 1000 հա-ն է մշակվում:



























