Հայաստանի ներկայացուցիչների քյասիբ տեսքը թույլ չի տալիս, որ միջազգային հանրությունը նրանց լուրջ վերաբերվի, Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով իր կուսակցի՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Volkswagen Touareg մակնիշի մեքենա գնելու մասին:
«Մենք պարտավոր ենք պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»,- հայտարարեց Սահակյանը՝ այդպես էլ չկարողանալով պատասխանել հարցին, թե ինչպես մեքենան կօգնի Արմեն Աշոտյանին «պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»:
Հավանաբար Սահակյանը նկատի ուներ, որ միջազգային հանրության առջեւ Աշոտյանը կամ մյուս հայ պաշտոնյաները պետք է հանդես գան իրենց շքեղ մեքենաների ֆոնին, եւ այդ ժամանակ նրանց լուրջ կվերաբերվեն: Ստացվում է, որ հայ պաշտոնյաներին արտերկրյա ճամփորդությունների ժամանակ պետք է ուղեկցեն իրենց մեքենաները, որ հատուկ հասցվել են այս կամ այն երկիր՝ հարկատուների հաշվին: Բայց դե, եթե դա միակ ելքն է միջազգային հանրության առջեւ պատշաճ ներկայանալու, հարկատուները այդ մի զոհողությանն էլ կգնան…
Նշենք, որ ինքը՝ Աշոտյանը հայտարարել է, թե մեքենան, որի գինը հասնում է մոտ 70 հազար դոլարի, նախարարությանն է նվիրվել է կրթության ինստիտուտի կողմից: Տարօրինակ նվեր է, այնպես չէ՞: Հատկապես ուսանողներին 5 հազարական թոշակները կտրելու պետության որոշման ֆոնին:



























