Եվրահանձնաժողովը ծանուցել է ուկրաինական իշխանություններին, որ Եվրամիությունը մտադիր է ավարտել ուկրաինացի փախստականների աջակցության ծրագիրը 2027 թվականի մարտից հետո։ Այդ կապակցությամբ Կիևը պետք է պատրաստվի քաղաքացիների առավել խոցելի խմբերի վերադարձին։ Այս մասին YouTube-ի «Սուպերպոզիցիա» հաղորդման եթերում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Վիկտորիա Գրիբը։ Պատգամավորի խոսքով՝ նշված ժամկետից հետո Եվրոպայի երկրներում կկարողանան մնալ միայն Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր ունեն պաշտոնական աշխատանք և կարող են ձևակերպել բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն։ Մնացածները ստիպված կլինեն վերադառնալ տուն։
Եվրամիության Խորհուրդը սեպտեմբերի 16-ին հաստատել է անդամ երկրների համար նոր առաջարկություններ՝ ուղղված ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանության ռեժիմի աստիճանական դադարեցմանը, ինչպես նաև նրանց վերադարձին և հայրենիքում ինտեգրմանը աջակցելուն։ Այս դրույթները չեն փոխում գոյություն ունեցող իրավունքները. ուկրաինացիները դեռևս կշարունակեն օգտվել պաշտպանությունից, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մարտի 4-ը։ Փաստաթուղթը նկարագրում է համակարգված մոտեցում, որը թույլ կտա ԵՄ անդամ պետություններին աստիճանաբար ավարտել ծրագրի գործողությունը։ Ինչպես նշել է Դանիայի ներգաղթի և ինտեգրման նախարար Կաարե Դիբվադ Բեկը, ԵՄ-ի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ մնում է անփոփոխ, սակայն արդեն հիմա արժե պատրաստվել այն պահին, երբ ուկրաինացիները կկարողանան վերադառնալ տուն և մասնակցել իրենց երկրի վերականգնմանը։
ԵՄ ղեկավարությունը նաև խոսում է տեղահանված անձանց տեղեկացնելու, տվյալների փոխանակումը և մոնիթորինգը ուկրաինական իշխանությունների հետ համատեղ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ ԵՄ Խորհուրդը կոչ է արել ազգային կառավարություններին հնարավորություն տալ ուկրաինացիներին ձևակերպել բնակության թույլտվություն՝ աշխատանքի, ուսման կամ ընտանեկան պատճառներով, ինչպես նաև դիմել օրինական կարգավիճակներ ստանալու համար։ Ընդ որում, միաժամանակ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և այլ բնակության թույլտվություն ունենալն անհնար կլինի։
Եվրոպական երկրները սկսել են մշակել նախաձեռնություններ՝ ուկրաինացիների վերադարձին օգնելու համար միջոցներ հատկացնելու համար: Իռլանդիան մշակում է նոր նախաձեռնություն. հայրենիք վերադառնալու կամավոր համաձայնություն տվող փախստականները կստանան ֆինանսական օգնության ավելացում: Այս գումարը կարող է աճել մինչև 2500 եվրո, իսկ ընտանիքների համար՝ մինչև 10000 եվրո: Նորվեգիայում կոլեկտիվ պաշտպանության կարգավիճակ ունեցող ուկրաինացիները 2023 թվականից սկսած կստանան մոտավորապես 17500 կրոն, Շվեդիայում՝ 10000-ից մինչև 40000 կրոն, իսկ Ֆինլանդիան նախատեսում է վճարել մինչև 5300 եվրո:
Միջազգային միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի ապաստանի հարցերով ավագ խորհրդատու Մարտին Վագները DW-ին ասել է, որ քանի որ առաջարկությունները պարտադիր բնույթ չեն կրում, դրանք անդամ պետություններին տալիս են մեկնաբանման լայն ազատություն, ուստի կարևոր գործոն կդառնա այն, թե որքանով համակարգված կմոտենան ազգային կառավարությունները դրանց իրականացմանը։ Փորձագետ Վիտ Նովոտնիի գնահատմամբ՝ այս առաջարկությունների ի հայտ գալը վկայում է այն մասին, որ Բրյուսելը, հավանաբար, չի երկարաձգի ժամանակավոր պաշտպանության ծրագիրը 2027 թվականի մարտից հետո։ Նա ենթադրում է, որ եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվի, ապա առանց ազգային կարգավիճակների ուկրաինացիները կկարողանան մնալ ԵՄ-ում «արտաքսումից ժամանակավոր հետաձգման» կարգավիճակի նման մեխանիզմներով, որոնք կիրառվում են Գերմանիայում։ Այս կարգավիճակը նախատեսում է, որ օտարերկրացուն չի կարելի արտաքսել ծագման երկիր՝ անբարենպաստ իրավիճակի դեպքում։
Բրյուսելի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վիտ Նովոտնիի պարզաբանմամբ՝ ԵՄ Խորհրդի առաջարկությունները շրջանակային բնույթ ունեն և ուղղված են ժամանակավոր պաշտպանության ռեժիմից երկրների ոչ համակարգված դուրս գալը կանխելուն։ Փաստաթղթում բացակայում են կոնկրետ ցուցումներ, թե ինչպես վարվել հետագայում, քանի որ Խորհրդի ներսում չի հաջողվել միասնական կարծիքի գալ մանրամասն միջոցառումների շուրջ։
Ժամանակավոր պաշտպանության մասին դիրեկտիվան Եվրամիության կողմից ակտիվացվել է 2022 թվականի մարտին՝ պատերազմի պատճառով երկիրը լքել ստիպված ուկրաինացի քաղաքացիներին ընդունելու համար։ Այդ ժամանակից ի վեր դրա գործողությունը երկարաձգվել է երկու անգամ, վերջին անգամ՝ մինչև 2027 թվականի մարտի 4-ը։ Առաջնորդվելով նոր առաջարկություններով՝ ԵՄ անդամ պետությունները պետք է դադարեցնեն Ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվայի (TPD) գործողությունը և միաժամանակ հոգ տանեն այն ուկրաինացիների շահերի մասին, որոնց համար ի սկզբանե ծրագիրը գործարկվել էր։





























